ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՈԲՈԼՇԵՎԻԶՄԻ ԾՈՒՂԱԿՈՒՄ View owner articles View all

ՀԱՅԱՍՏԱՆԸ   ՆԵՈԲՈԼՇԵՎԻԶՄԻ  ԾՈՒՂԱԿՈՒՄ«Ելէ՛ք դրա միջից, ժողովո՛ւրդ իմ, որպէսզի մասնակից չլինէք դրա մեղքերին եւ չընդունէք դրա պատուհասները» (Յայտ. 18.4):
«Եթէ երկրաւոր բաներ ասեցի ձեզ, եւ չէք հաւատում, ապա ինչպէ՞ս պիտի հավատաք, եթէ երկնաւոր բաներ ասեմ» (Յովհ. 3.12):
***
Քառորդ դարից ավել է ինչ Հայաստանը հռչակվել է անկախ պետություն, սակայն առաջ գնալու փոխարեն, շարունակ հետընթաց է ապրում: Տարիներն անցնում են, հերթական ընտրությունները հաջորդում են մեկը մյուսին, իսկ երկրի վիճակը էլ ավելի է վատանում, և հայ մարդիկ հուսահատ լքում են Աստվածատուր մեր հայրենիքը ու օտար ափերում հանգրվանում: Այսպես շարունակվելու դեպքում Հայաստանը մոտ ապագայում լիովին կդատարկվի ու նրանից միայն պատմական հուշ կմնա:
Առկա անմխիթար վիճակի հիմնական պատճառն այն է, որ մեր ժողովուրդը, ԽՍՀՄ-ի փլուզմամբ, չնայած դե յուրե ձեռք բերեց պետականություն, սակայն հոգով մնաց նույն այդ երկրում՝ իր ճակատագիրն ու հետագա գոյությունը հանձնելով ձևափոխված «չարի կայսրության» տնօրինությանը: Եվ ամենևին էլ պատահական չէր, որ Հայաստանի ղեկավարներ դարձան նախկինում կոմունիստական կայսրությանը հավատարմորեն ծառայած մարդիկ: Նրանք անապաշխար ժողովրդի կողմից ավելի սիրելի և ընդունելի եղան, քան օրինակ Պարույր Հայրիկյանը, ով, ձեռնոց նետելով ռուսական իմպերիալիզմին, իր ողջ գիտակցական կյանքում պայքարել էր Ազատ և Անկախ Հայաստանի , հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքի համար:
Ներկայիս «կուսակցական լիդերների» գերակշիռ մասը կամ նրանց ավագ սերունդները ժամանակին հավատարիմ ծառաներն էին լենինյան կռապաշտության: Նրանք տարին երկու անգամ ժողովրդին առաջնորդում կամ իրենք էին առաջնորդվում դեպի աշխարհի առաջին քրիստոնյա երկրի մայրաքաղաքի կենտրոնական հրապարակ. պետք էր անցնել գլխավոր կուռքի առջևով և «փա̃ռք լենինին, ուռա̃» խանդավառ վանկարկումներով հավատարմության հրապարակային խոստովանություն կատարել: Այո, մեր երկրում Աստծո փոխարեն, ըստ էության, պաշտվում էր սատանայի գլխավոր ծառան՝ հակաքրիստոսը, ով ոչ միայն պատերազմ հայտարարեց Աստծուն, այլև Հայոց պետականության կործանման գլխավոր դերակատարը եղավ:
Եվ չնայած ԽՍՀՄ-ն անցավ պատմության գիրկը, այդուամենայնիվ, նույն մարդիկ, իրենց կուսակցական տոմսի գույնը փոխելով միայն, իշխանական աթոռներին մնացին: Նրանց գլխավոր առաքելությունը՝ Հայաստանը քաղաքակիրթ աշխարհին հակադրվող, մեռնող կայսրությանը վերակցելը և մեր երկիրը «վիրավոր գազանի» մարմնի մի մասը դարձնելն էր:
Մեր ինքնիշխանության գլխավոր հակառակորդին, մեր դեմ պատերազմող երկրին մեծաքանակ զենք տրամադրողին համարելով դաշնակից, բարեկամ պետություն, նրանք կրկնում են հայ բոլշևիկների 1920 թվականի գործողությունները: Արդյունքում՝ Հայաստանը, չնայած ՄԱԿ-ի անդամ է, սակայն լինելով Ռուսաստանի ենթական, հայտնվեց գաղութային երկրի կարգավիճակում՝ ետ մնալով բնականոն զարգացման ընթացքից: Հայաստանի ղեկավարները միջազգային ատյաններում պաշտպանեցին ծավալապաշտ կայսրության շահերը, որով և դարձան հակառակորդ քաղաքակիրթ աշխարհին: Անձնական տեսակետից ևս դա ձեռնտու էր, որովհետև Ռուսաստանի նման անօրեն երկիր լինելով, ռուս առաջնորդի օրինակով, պաշտոնական դիրքը չարաշահելով, անարգել կարելի էր գռփել, թալանել սեփական երկիրը և ոչ մի պատասխանատվության չենթարկվել: Նրանք ոչ թե ծառայեցին ժողովրդին, այլ վերջինիս իրենց շահերին ծառայեցրեցին, արդյունքում՝ ժողովուրդը ծայրահեղ աղքատացավ, իսկ այս իշխանավորները իրենց մերձավորներով անչափ հարստացան, ինչը տեղի չէր ունենա, եթե Հայաստանը ժողովրդավարական երկրների դաշնակիցը լիներ:
Ըստ էության, մեկ թիմ կազմող երեք նախագահներն էլ, ի շահ օտար երկրի, մշտապես դեմ գործեցին մեր ինքնիշխանությանը: Մասնավորապես, առաջին նախագահը դեռ 1988 թվակաի սեպտեմբերի 23-ին Ազատության հրապարակում տասնյակ հազարավոր մարդկանց առջև հայտարարեց. «Ազգային ինքնորոշում կազմակերպությունը հրապարակել է իր ծրագրերը: Դրանք օդում կախված գաղափարներ են, որոնք բոլորին են հայտնի, այսինքն բոլոր ազգերը պարզ է, որ ձգտում են անկախության: Սրանք օդում կախված գաղափարներ են հայտնի բոլորիդ»:
Այդ ժամանակաշրջանում Հայաստանի անկախության հակառակորդ էր նաև, ինքն իրեն ազգային ազատագրական շարժման առաջնորդ համարող, Դաշնակցություն կուսակցությունը: Դրա ղեկավարներից Էդուարդ Հովհաննիսյանը 1991թվականին, ԽՍՀՄ փլուզումից մի քանի ամիս առաջ, վերջինիս նվիրյալ պաշտպան ներկայանալով, հայտարարում էր. «Խորհրդային երկրում անջատողական շարժումները անհաջողության են դատապարտված, քանզի ԽՍՀՄ-ը դեռ երկար ժամանակ իր ամբողջականությունը կպահպանի, և Գորբաչովն էլ կմնա իշխանության գլուխ» (Ուրբաթ շաբաթաթերթ , 1991թ., թիվ 18,19):
Առաջին նախագահը 1990-ականների սկզբներին դեմ էր նաև պետության բաղադրիչներ՝ Ազգային բանակի և Սահմանադրության ստեղծմանը: Նա, մասնավորապես, առաջ քաշեց՝ «մեր պաշտպանվածությունը մեր անպաշտպանվածության մեջ է» կարգախոսը: Դեմ լինելով Սահմանադրության ընդունմանը, վերջինս վկայակոչում էր Իսրայելի օրինակը:
Մինչ օրս էլ նա իր «քաղաքական համոզմունքները» չի վերանայել և մշտապես հանդես է գալիս ռուսական կայսրության շահերի դիրքերից: 2014թվականի հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում վերջինս հայտարարեց. «Հայաստանի անդամակցումը Եվրասիական միությանը այլևս անշրջելի իրողություն է: Իսկ այդ առթիվ երկու-երեք տասնյակ անհատների ջղաձգումներն արդեն վերածվում են զավեշտի, քանի որ երկու-երեք տասնյակ հոգի, մարդկանց մտքերը պղտորելուց բացի, ոչ մի պարագայում չեն կարող քաղաքական օրակարգ թելադրել»: Իրոք, զավեշտ է, երբ դու փորձում ես քո ապագան կապել մի կեղծ «միության» հետ, որի երեք երկրներն էլ ժողովրդավարական չեն ու կոռումպացված են, որից երկուսը մեծ քանակությամբ զենք են մատակարարում քո դեմ պատերազմողին, իսկ երրորդ երկիրն էլ, ի օգուտ քո թշնամու, քեզ հրապարակայնորեն նսեմացնում է: Ժողովրդին մշտապես ապակողմնորոշած այս «գործիչը» «մարդկանց մտքերը պղտորող» է համարում այն աիմականներին, ովքեր Պարույր Հայրիկյանի առաջնորդությամբ Ազատության հրապարակում եվրոդրոշներով պարբերաբար հանրահավաքներ էին անցկացնում ընդդեմ Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության և հօգուտ Եվրոմիության հետ համագործակցության, որին ոչ մի քաղաքական կազմակերպություն չմիացավ:
Անդրադառնալով երկրորդ նախագահին՝ նշենք, որ նա, ինչ-որ պարտքի դիմաց Ռուսաստանին հանձնեց Հայաստանի ռազմավարական նշանակության ձեռնարկությունները, որով էլ ավելի մեծացրեց մեր կախվածությունը այդ երկրից:
Մեր ինքնիշխանության դեմ ուղղված գործողություններն իրենց տրամաբանական շարունակությունն ունեցան երրորդ նախագահի օրոք, երբ վերջինս 2013 թվականի սեպտեմբերի 3-ին, կասեցնելով Եվրոմիության հետ ասոցացման գործընթացը, հայտարարեց, թե Հայաստանը պետք է մտնի Մաքսային միություն: Եվ այդ մասին նա ազդարարեց ոչ թե Հայաստանում, հայ ժողովրդի առջև, այլ Մոսկվայում՝ կրեմլյան պատերի տակ:
Ժամանակը միանշանակ փաստեց, որ ԵՏՄ կոչվածը տնտեսական, քաղաքական և անվտանգության տեսակետից Հայաստանին ոչ մի լավ բան չտվեց: Այն պարզապես ռուսական ծավալապաշտության հերթական դրսևորումներից մեկն էր, որում հայ նեոբոլշևիկների գործուն մասնակցությամբ ներքաշվեց նաև Հայաստանը:
Խորհրդային ժամանակների կոմկուսն այսօր չկա, սակայն դրա փոխարեն մեզանում գործում է բազմակուսակցականացված կոմկուսը, որը մշտապես պետք է գովաբանի մեր անկախության հակառակորդ Ռուսաստանին, նույնիսկ այն ժամանակ, երբ այն զենք է մատակարարում մեր դեմ պատերազմողին: Այն երբեք չպետք է ժողովրդին ոգեշնչի Փետրվարի 18-ով՝ հակաբոլշևիկյան մեր ապստամբությամբ, չպետք է անդրադառնա մեր իրավունքները ոտնահարող 1921թվականի մարտի 16-ին Մոսկվայում կնքված ռուս-թուրքական պայմանագրին: Եվ, եթե ԽՍՀՄ-ը փլուզված չլիներ, ապա մերօրյա այս պատեհապաշտները լենինյան կռապաշտության երդվյալ նվիրյալների շարքերում դեռ կլինեին:
Հետխորհրդային Հայաստանի ներքաղաքական վիճակը թերևս հիշեցնում է ռուսական ենթակայության տակ գտնվող բանտի ներբանտային պայքար, որում որոշվում է, թե ով կլինի բանտախցի տերը, իսկ բանտախցի կալանավորները ամենևին ցանկություն չունեն բանտից դուրս գալու, այլ ձգտում են, բանտախցի լավ տեր ունենալով, բանտային պայմանները բարելավել: Դա այդպես է, որովհետև ժողովուրդը, դժգոհ լինելով իշխանություններից ու մերժելով դրանց, մշտապես հետևում է այլ ռուսամետ գործիչների:
Մեր երկրում առկա բացասական դրսևորումներն իրականում կապված են ոչ թե այս «քաղաքական» գործիչների, այլ մեր ժողովրդի հոգեզուրկ վիճակի հետ: Այդ կեղծ առաջնորդները ոչ թե՝ պատճառ, այլ հետևանքն են ժողովրդի անհավատության, կռապաշտության ու ստրկամտության: Տասնամյակներ անցան, սակայն նրա հոգեմտավոր մակարդակը «լենին-պարտիա-գորբաչով-պուտին» շրջանակից այդպես էլ վեր չբարձրացավ: Պարզապես, մեռած կուռքին եկավ փոխարինելու կենդանի կուռքը: Աշխարհին տիրելու հավակնություն ունեցող հին «վլադի միրին» եկավ փոխարինելու նոր «վլադի միրը»:

* * *
Այժմ անդրադառնանք ամենակարևոր խնդրին. գրեթե բոլոր հայ հասարակական, քաղաքական գործիչները, մտավորականները մեր ազգի առջև ծառացած խնդիրները չեն դիտարկում միակ ճշմարիտ, այն է՝ Աստծո տեսակետից: Իրենց համար հավատքը իրականությունից կտրված մի բան է, որը լոկ ձևական նշանակություն ունի: Նրանք չեն ընդունում, որ մարդու և մարդկային հասարակության գերագույն խնդիրը աստվածահաճո լինելու առաքելությունն է, որում Աստվածաշունչ մատյանը մեր ուղեցույցը պետք է լինի: Իրենց Աստծուց ավելի իմաստուն համարելով՝ նրանք փորձում են ամուր տուն կառուցել ոչ թե Քրիստոս-Վեմի, այլ ավազի վրա: Հայաստանը Աստծո ընտրյալ և սրբազան հողն է և առանց Տիրոջ՝ այն երբեք «ապահով, բարգավաճ ու լուսավոր» չի լինի: Մեր երկիրը չի կարող վերածնունդ ապրել առանց ժողովրդի հոգևոր վերածնման և վերաքրիստոնեացման: Եվ ընդհանրապես, նյութական ձեռքբերումները առանց հոգևորի ոչ մի արժեք չունեն, ինչպես մեր Տեր Հիսուս Քրիստոսն է ասել. «Ի՞նչ օգուտ է մարդուն, եթէ ամբողջ աշխարհը շահի, բայց իր անձը կորցնի»:
Դար առաջ մեր ժողովուրդը, Աստծուն իր կյանքից դուրս վանելով, մեծ արհավիրքների և աղետների առաջ կանգնեց: Նույն սխալն այսօր չպետք է կրկնենք. ուստի շտկենք մեր ընթացքը և Տիրոջ ճանապարհով քայլենք: Հակառակ դեպքում ոչ միայն մարմնով, այլև հոգով կկործանվենք, ոչ միայն այս անցավոր կյանքում նյութապես կկորցնենք մեր երկիրը, այլև ողջ հավերժությունն էլ դժոխքում կանցկացնենք:
Ներկայումս ինչ որ կատարվում է մեր կյանքում, այդ թվում քաղաքական անցուդարձերը, կրում են հոգևոր խորհուրդ: Բոլոր այդ իրավիճակներում մարդը՝ անհատապես, և ազգը՝ ընդհանրական, փորձվում են Տիրոջ առաջ: Անդրադառնալով վերջին ժամանակներին վերաբերող աստվածաշնչյան վկայություններին, նշենք, որ Տիրոջ երկրորդ գալուստից առաջ երկրի վրա մի «անօրեն թագավորություն» է հաստատվելու, որը սատանայի զորությամբ է գործելու և լինելու է հակառակորդը Աստծու: Սուրբ Գրքում այն կրում է «հյուսիսի թագավորություն», «կարմիր գազան» անվանումները, որն իր իշխանությունը պետք է հաստատի նաև Տիրոջ սրբազան երկրում (Հայաստանում): Խոսքը միանշանակ խորհրդային երկրի մասին է, որը բոլոր ժամանակների ամենահակաաստված երկիրն էր: Ներկայիս Ռուսաստանն էլ այդ երկրի անապաշխար մնացուկն է: Հայտնության թղթում, դրանք իրենց մայրաքաղաքով, խորհրդանշորեն կոչվում են «խորհրդով Բաբելոն»: Աստծո պատգամը դրանում գտնվողներին հետևյալն է. «Ելէ՛ք դրա միջից, ժողովո՛ւրդ իմ, որպէսզի մասնակից չլինէք դրա մեղքերին եւ չընդունէք դրա պատուհասները» (Յայտ. 18.4):
Ցավոք, մեր ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը հոգով դեռ այդ Բաբելոնում է: Նա դեռ չի ապաշխարել խորհրդային 70-ամյա կռապաշտությունից: Եվ այսօր էլ, նյութապաշտական մղումներով ծառայելով և հետևելով մերօրյա բոլշևիկներին, նա հակառակորդ է Աստծուն:
Հայ ժողովուրդի ներկա սերունդը նմանվում է այն հրեաներին, որոնք ազատվել էին եգիպտական գերությունից և, Ավետյաց երկիր (մեզ համար՝ Քրիստոնյա Հայաստան) ընթանալու փոխարեն, կրկին Եգիպտոս (մեզ համար՝ Ռուսաստան) վերադառնալ էին կամենում, որի համար Տերը զգուշացնում է. «Վա՛յ նրանց, ովքեր օգնութիւն գտնելու համար իջնում են Եգիպտոս» (Ես. 31.1):
Ո՛վ հայորդի, քանի դեռ ժամանակ ունես, հոգով դո՛ւրս ելիր Բաբելոնի միջից և ապաշխարի՛ր, հակառակ դեպքում, «կարմիր գազանի» պոչը դարձած, դրա հետ կգահավիժես գեհենի անդունդը: Քիչ ժամանակ է մնացել, հոգևոր քնիցդ արթնացի՛ր և խավարից դեպի լույսը ընթացի՛ր: Լուսավորվիր՛ Աստծով ու Իր խոսքով: Այդ դեպքում է, որ կազատվես Տիրոջ դատապարտությունից և Հայաստանն էլ կդարձնես Աստվածահաճո երկիր, որտեղ հավատը, հույսը և սերը մեկընդմիշտ կթագավորեն: Ամեն:

Արսեն Պողոսյան

232
 
To Top