ՇՈՒՏՈՎ, ՇԱՏ ՇՈՒՏՈՎ… View owner articles View all

ՇՈՒՏՈՎ, ՇԱՏ ՇՈՒՏՈՎ…Աստվածաշնչյան շատ վկայություններ հուշում են, որ մենք ականատեսն ենք վերջին իրադարձությունների, ինչին պետք է հաջորդի մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը, երբ Նա պետք է գա՝ դատելու մեռածներին և ողջերին: Սուրբ Գիրքը հստակ հայտնում է, որ Տիրոջ գալուստից առաջ հայտվելու է անօրեն թագավորը՝ իր թագավորությամբ՝ հակաքրիստոս կոչվածը. «…այն օրը չի գալու, եթե նախ ապստամբությունը չգա, և չհայտնվի անօրէնության մարդը՝ կորստյան որդին՝ Հակառակորդը, որ գոռոզամտում է այն ամենի վրա, որ կոչվում է Աստված կամ պաշտամունքի առարկա…»(Բ Թես. 3-14): Միանշանակ սա վերաբերում է Խորհրդային Միությանը (իր առաջնորդի հետ միասին), որը բոլոր ժամանակների ամենաանաստված և աստվածամերժ երկիրն էր: Դանիելի մարգարեությունում այն անվանվում է «հյուսիսի թագավորություն», Հայտնության թղթում՝ «կարմիր գազան»:
Սուրբ Հովհաննեսի Հայտնությունում հիշատակված են յոթ հրեշտակները, որոնք Աստծո ցասման յոթը սկավառակները հաջորդաբար պետք է թափեն երկրի վրա (Հայտ. Գլ. 16): Ներկայումս մենք ապրում ենք վեցերորդ հրեշտակի ժամանակներում. բայց նախ անդրադառնանք հինգերորդ հրեշտակին. «Հինգերորդ հրեշտակն իր սկավառակից թափեց գազանի գահի վրա, և գազանի թագավորությունը խավար դարձավ» (Հայտ. 16.10): Սա ԽՍՀՄ փլուզումն էր, որը տեղի ունեցավ 1991թվականին:
        Հինգերորդին հաջորդում է վեցերորդ հրեշտակը, որի մասին ասված է. «Եվ վեցերորդ հրեշտակն իր սկավառակը թափեց մեծ Եփրատ գետի վրա, և ցամաքեցին նրա ջրերը, որպեսզի ճանապարհ բացվի Արևելքի թագավորներին» (Հայտ. 16.12): Հայտնության թղթում ջրերը խորհրդանշում են ժողովուրդներ (Հայտ. 17.15), իսկ «ջրերի ցամաքեցումը» նշանակում է, որ Եփրատ գետի շրջանում ժողովուրդները մեծ նեղություններ պետք է կրեն: Եվ, իրոք, ԽՍՀՄ փլուզումից հետո աշխարհում պատերազմական գործողությունների տարածք դարձավ Եփրատ գետի ավազանը: Այս շրջանում տեղի ունեցան մի շարք պատերազմներ, մասնավորապես՝ Իրաքաքուվեյթյան և Իրաքյան պատերազմները, մշտական զինված բախումներ թուրքերի և քրդերի միջև, Սիրիայի պատերազմը, որին նաև ավելացավ «իսլամական պետության» ռազմական գործողությունները: Այս պատերազմներում զոհվեցին հարյուր հազարավոր մարդիկ, միլիոնավոր մարդիկ էլ իրենց երկրներից արտագաղթեցին:
        Վեցերորդ հրեշտակին վերաբերող հատվածում կարդում ենք նաև հետևյալը. «Եվ տեսա, որ վիշապի բերանից, գազանի բերանից և սուտ մարգարեի բերանից ելնում էին երեք անմաքուր ոգիներ՝ նման գորտերի. քանզի նրանք դիվական ոգիներ էին…» (Հայտ. 16. 13): Չնայած ԽՍՀՄ-ը՝ իր առաջնորդներով անցել է պատմության գիրկը և այլևս ֆիզիկապես գոյություն չունի, սակայն լինելու է նրա ոգեղեն ներկայությունը՝ հանձինս «երեք անմաքուր ոգիների», որոնք փորձելու են վերակենդանացնել «գազանին», սակայն այն անխուսափելիորեն կորստյան է մատնվելու: Այս մասին Հայտնության մեկ այլ հատվածում կարդում ենք. «Եվ այդ գազանը, որին տեսար, որ կար, բայց այլևս չկա, պատրաստ է ելնելու անդնդից՝ գնալու համար դեպի կորուստ» (Հայտ. 17.8): Այս տողերը վերաբերում են հետխորհրդային Ռուսաստանին և դրա առաջնորդներին, որոնք գործում են անցյալի ոգով՝ ջանալով վերակենդանացնել «գազանի» թագավորությունը:
Այսպիսով մոտենում ենք յոթերորդ հրեշտակի գործողության ժամանակներին, երբ Աստծո ցասումը պետք է թափվի «խորհրդով Բաբելոնի» վրա (Հայտ. 16. 17-21), և մեր Տերն էլ պետք է հայտնվի աստվածային փառքով և խոստացյալ թագավորությամբ: Այո՛, սպասենք Նրան, Ում մասին Հայտնության թուղթն ասում է. «… Նա, որ Է, որ Էր և որ գալու է. Ամենակալը» (Հայտ. 1. 8). ամեն:
Արսեն Պողոսյան

609
 
To Top