ՀՈՐԴՈՐ ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅԱՆ View owner articles View all

ՀՈՐԴՈՐ  ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅԱՆՀայաստանի և հայ ժողովրդի ներկա կացությունը տագնապահարույց է: Շուտով 24 տարին կլրանա, ինչ մեր երկիրը դուրս եկավ անաստված գաղափարախոսության կնիքը կրող կոմունիստական կայսրության տիրապետությունից, իբր անկախ պետություն դարձավ, սակայն հզորանալու և առաջադիմելու փոխարեն, շարունակ ետընթաց ապրեց: Կյանքի դժվար պայմաններից դրդված՝ այս տարիներին երկրի բնակչության մոտ կեսը արտագաղթեց: Այո՛, պատմությունը կրկնվում է՝ Հայաստանը նորից դատարկվում և ամայանում է ու նորից ավանդական հարցն ենք ինքներս մեզ տալիս, թե ինչո՞ւ է հայը մշտապես գաղթականի ճակատագրին արժանանում, և ինչո՞ւ է նա իր երջանկությունը աստվածապարգև այս երկրից դուրս որոնում:
Ինչպես որ մարդու կացությունը, նրա կենսունակությունը և բարօրությունը պայմանավորված են իր ֆիզիկական և հոգևոր առողջությամբ, նույն օրինաչափությունն է գործում նաև ազգի ու պետության համար: Ըստ այդմ՝ ժողովուրդը կարիք ունի արժանավոր թե՛ պետական և թե՛ հոգևոր առաջնորդների: Նրանց առաքելությունը՝ ծառայությունն է ազգին, նրա շահերին և ձգտումներին:
Ցավոք Հայոց պետության ղեկավարներ դարձան մարդիկ, ովքեր ժամանակին «չարի կայսրության (Աստվածաշնչում հիշատակված «հյուսիսի թագավորության», «կարմիր գազանի») սպասավորներն էին, որոնց համար Ազատ և Անկախ Հայաստանը երբևիցե երազանք չէր էլ եղել: Նյութապաշտ այս մարդիկ, պաշտոնական դիրքի չարաշահմամբ, իրենց մերձավորներով մեծամեծ ունեցվածքի տիրացան: Ժողովուրդը ծայրահեղ աղքատացավ, իսկ այս «առաջնորդ» կոչվածները, որոնք Սուրբ Գրքով երդվել էին ազնվորեն ծառայել ժողովրդին, հանրային ունեցվածքի հաշվին, բազմապատիկ հարստացան: Նրանք դավադրաբար մեր երկրի կենսունակությունն ապահովող ձեռնարկությունները հանձնեցին նույն «չարի կայսրությանը», որը մեր օրերում այլ դիմակով է հանդես գալիս, բայց բնույթով մնացել է նույն գաղութարար երկիրը: Ազատության ձգտող ժողովուրդների հակառակորդ, մեռնող այս կայսրությանը, որին իրավամբ տրվել է «ժողովուրդների բանտ» անունը, անմտորեն համարեցինք մեր բարեկամը և ռազմավարական դաշնակիցը՝ նույն այն երկրին, որը 1920թ.-ին կործանեց Հայոց պետականությունը, այն մասնատեց, հատվածներ նվիրեց մեր հարևանին, որին էլ այսօր զինում է ընդդեմ մեզ:
Այսպիսով, 1991թ.-ին մենք պաշտոնապես անջատվեցինք Ռուսաստանից, սակայն Կրեմլի հայաստանյան սպասավորների առաջնորդությամբ հոգով մնացիք այնտեղ: Նման այն հրեա ստրուկների, ովքեր Մովսեսի օրոք Եգիպտոսից դուրս էին եկել, սակայն Ավետյաց երկիր ընթանալու փոխարեն, շարունակ Եգիպտոս վերադառնալ էին կամենում: Նրանք հոգով Եգիպտոսում էին, քանզի դրա բերքն ու բարիքն էին անապատում մշտապես երազում: Աստվածաշունչը բոլոր ժամանակների համար տրված կյանքի ուղեցույց է, և ավաղ այսօրվա մեր ընթացքը դատապարտելի է, ըստ Տիրոջ այն խոսքի, թե՝ «Վա̃յ նրանց, ովքեր օգնություն գտնելու համար իջնում են Եգիպտոս» (Ես. 31.1):
Եվ արդ Տիրոջ կողմից ընտրյալ մեր երկիրը, որին ի վերուստ տրված է սրբազան կոչում և առաքելություն, առավել շատ կարիք ունի արժանավոր ղեկավարի: Հարկ է նաև մտաբերենք Սուրբ Գրքի այն խոսքը, թե՝ «Արդար թագավորը բարձրացնում է իր երկիրը, իսկ անօրենը կործանում է այն» (Առակ. 29.4):
Մեր երկիրը ամայանում է ոչ միայն նյութապես, այլ՝ հոգեպես, որն անշուշտ, ավելի վտանգավոր է: Մենք հոգեպես հայտնվեցինք անապատում, որովհետև չզղջացինք Քրիստոսապաշտ այս սուրբ հողում կատարված ամենամեծ սրբապղծության համար, երբ Բարձրյալի փոխարեն պաշտվում էր հակաքրիստոսը՝ Աստծո հակառակորդ առաջնորդը: 70 տարիների կռապաշտության համար չզղջացինք և չապաշխարեցինք, որովհետև այդպես էլ Տիրոջը չճանաչեցինք: Հաղորդ չեղանք Ճշմարտությանը և Սուրբ Հոգուն, դրա համար էլ շարունակեցինք ծառայել «Կարմիր գազանի» մնացուկին և դրա հայաստանյան սպասավորներին:

Սակայն մեր անմխիթար վիճակի բուն պատասխանատուն, ոչ թե վերոհիշյալ «առաջնորդներն» են, այլ մենք՝ ինքներս: Այդ «առաջնորդները» ոչ թե պատճառ են,այլ՝ հետևանք. նրանք հետևանքն են մեր նյութապաշտության և կռապաշտության: Եվ անտարակույս մեր կյանքում ոչ մի դրական տեղաշարժ չի լինի, եթե մենք հոգեպես չշտկվենք, չվերածնվենք ու անառակ որդու պես հայրական տուն չվերադառնանք:
Մեր երկրում և մեր ժողովրդի մեջ առկա են բազում հարցեր, որոնք լուծում են պահանջում, սակայն պետք է շատ անհավատ լինել, որպեսզի չընդունել, որ հայ ազգի գերխնդիրը վերաքրիստոնեացումն է: Ինչպես որ մարդ անհատն է իր հավատքով, վարք ու բարքով ընդունելի կամ մերժելի Աստծո համար, նույնն էլ կարելի ասել ժողովրդի համար՝ որպես մեկ ամբողջություն: Դրա համար է, որ Տերն ասում է. «Երանի̃ այն ժողովրդին, որի Տերն Աստված է» (Սաղմ. 143.15):
Ինչպես որ մարդու կյանքը պետք է խարսխված լինի Քրիստոս Վեմի վրա, նմանապես մեր ազգային կյանքի հիմնաքարը քրիստոնեական հավատքը պետք է լինի: Պետք չէ մարգարե կամ շատ իմաստուն լինել, որպեսզի այս ճշմարտությանը հասու լինել, ուղղակի պետք է պարզ հավատք ունենալ կենդանի Աստծո և Իր Խոսքի հանդեպ, ընդունել, որ այս կյանքը ինքնաբուխ և ինքնանպատակ չէ. Տիրոջ կամքով մենք աշխարհ ենք եկել և ստացել հավիտենական կյանքը ժառանգելու եզակի հնարավորություն, որի համար Քրիստոսը շատ հստակ ասում է. «Նախ խնդրեցե՛ք Աստծո թագավորությունը և նրա արդարությունը» (Մատթ. 6.33): Հետևապես մոլորյալ և դժբախտ է այն մարդն ու հասարակությունը, որն այս աշխարհում հոգեղենի փոխարեն փնտրում է հողեղենը, հանուն անցավորի զոհում է ողջ հավերժությունը ու գնում դեպի գեհենի անդունդը:
Մենք՝ հայերս, որպես աշխարհում քրիստոնեությունն առաջինն ընդունած ժողովուրդ, պարտավոր ենք բարձր պահել քրիստոնեության դրոշը: Մեր երկիրը, որը մարդկության ծննդի, վերածննդի օրրանը և աստվածաշնչյան Արևելքն է, որտեղից և պետք է ծագի Արդարության Արեգակի շողերը ողջ աշխարհի վրա, նախևառաջ պետք է մաքրագործվի, ինչպես Սուրբ Գրքում է գրված՝ «սրբարանը պետք է արդարանա»:
Հայրենակիցնե՛ր, մեր վաղվա օրվա տերը մենք չենք և քանի դեռ ժամանակ ունենք արթնանանք հոգևոր քնից, բացենք մեր հոգու կողպված դուռը և մեր մեջ ընդունենք կյանքի Աղբյուրին, Ով բոլորին հորդորում է. «Ահավասիկ ես դռան առաջ եմ և բախում եմ. Եթե մեկը ականջ դնի իմ ձայնին և բաց անի դուռը, կմտնեմ նրա մոտ և կընթրեմ նրա հետ, և նա՝ ինձ հետ» (Հայտ. 3.20): Կյանքը մեզ համար դեռ շարունակվում է միայն այն բանի համար, որ ճանաչենք մեր Արարչին, դարձի գանք ու ապաշխարենք: Մեզ համար օգտակար համարենք այն, ինչը Աստված է կարևորում ու պատվիրում. «Աստված անգիտության ժամանակներն անտես առնելով, այժմ այն է պատվիրում մարդկանց, որ ամեն ոք ապաշխարի, քանի որ սահմանել է մի օր, երբ աշխարհը արդարությամբ պիտի դատի այն մարդու ձեռքով, որի միջոցով որոշեց հավաստիք տալ ամենքին՝ նրան մեռելներից հարություն տալով» (Հռոմ. 13. 12-14): Ոչ միայն հավատանք, այլև արթուն կերպով սպասենք Թագավորի վերադարձին. Սուրբ Գրքի վերջին տողերին լինենք ունկնդիր. «Ես գալիս եմ շուտով: Ամեն: Ե՛կ, Տե՛ր Հիսուս Քրիստոս» (Հայտ. 22.20):
Արսեն Պողոսյան

645
 
To Top