ԱՂՈԹՔ View owner articles View all

ԱՂՈԹՔԱնոխակալ Տե՛ր‚ մի՛ անտեսիր ինձ իմ բազում չարիքների պատճառով‚ այլ դարձի՛ր դեպի ինձ եւ իմ բոլոր ցանկությունները դարձրո՛ւ դեպի քեզ եւ ինձ ամբողջ սրտով միայն Քե՛զ սիրել տուր: Ողջ պահիր իմ մարմինը նվազ եւ անպաճույճ կերակուրներով:
Ճանաչեցրո՛ւ ինձ‚ Տեր‚ Քո ճանապարհը‚ եւ ուսուցանի՛ր ինձ Քո արդարությունը: Հեռացրո՛ւ‚ Տե՛ր‚ իմ մարմինը չար խորհուրդներից եւ հաստատի՛ր բարի երկյուղի մեջ‚ որպեսզի մշտապես սուրբ եւ անարատ ապրեմ Քո առաջ:
Տե՛ս‚ Տե՛ր‚ իմ որովայնի ընդվզումը‚ որ զորացել է ինձ վրա‚ հանապազ ցանկանում է կերակուր‚ ըմպելիք եւ խորտիկների համեղություն: Սակայն Դո՛ւ‚ Տե՛ր ամենակարող‚ կտրի՛ր մարմնիս տենչանքների ցանկությունը:
Ազատի՛ր ինձ‚ Տե՛ր‚ մեղքերի ծառայությունից եւ դասի՛ր Քո ծառաների շարքում‚ ովքեր սիրեցին Քեզ եւ պահեցին Քո պատվիրանները: Տո՛ւր իմ սրտին նրանց երկյուղը եւ ուսուցանի՛ր ինձ գնալ նրանց ընթացքի շավիղներով:
Եվ քանզի ճաշակման ցանկությունն ամբողջապես զբաղեցնում է իմ միտքը‚ արդ‚ հալածի՛ր ինձնից որկրամոլությունը‚ որից հետո միշտ խաբվեցի‚ եւ կերակրի՛ր ինձ Քո սուրբ երկյուղով‚ քանի որ Դու գալու ես եւ հատուցես յուրաքանչյուրին ըստ գործերի:
Տո՛ւր ինձ իմաստնություն եւ հաստատի՛ր‚ Տե՛ր‚ իմ սրտում Քո ահն ու երկյուղը: Լուսավորի՛ր իմ խորհուրդները‚ կարո՛ղ դարձրու իմ մարմինը՝ հարաժամ ժուժկալությամբ մնալու Քո պատվիրանների մեջ:
Ջնջի՛ր‚ Տե՛ր‚ իմ անօրենությունները‚ ամրացրո՛ւ միտքս բարի հույսով եւ Քո երկյուղով՝ սիրով լցված սպասելու եւ ակնկալելու Քո մեծ գալուստը:
Հասցրո՛ւ ինձ‚ Տե՛ր‚ Քո արդարների օթեւանը եւ պարգեւի՛ր ինձ սուրբ հայրերի ճգնավորության բնակավայրը‚ անտեսի՛ր իմ հանցանքները եւ պայծառացրո՛ւ՝ դասելով Քո սրբերի եւ Քո անվան սիրելիների հետ:
Ցո՛ւյց տուր ինձ‚ Տե՛ր‚ Քո շնորհները՝ Քո գութն ու ողորմությունը Քո ծառային եւ տաճարացրո՛ւ ինձ՝ Ամենասուրբ Հոգուդ բնակարան լինելու‚ այլեւս մի՛ թող‚ որ ծառայեմ մեղքի եւ ապականության:
Ողորմի՛ր ինձ‚ Տեր կենաց եւ Քավիչ մեղքերի‚ Կատարի՛չ խնդրվածքների եւ Արձակի՛չ կապվածների‚ Բաշխո՛ղ պարգեւների եւ Տվի՛չ բոլոր շնորհների‚ եւ Քեզ վայել է փառք‚ իշխանություն եւ պատիվ‚ այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից. ամեն:
ԵՓՐԵՄ ԱՍՈՐԻ

489
 
To Top