ՊԱՀԵՑՈՂՈՒԹՅՈՒՆ View owner articles View all

ՊԱՀԵՑՈՂՈՒԹՅՈՒՆ«Երբ ծոմ եք պահում‚ կեղծավորների պես տրտմերես մի՛ եղեք‚ քանզի իրենց երեսներն ավիրում են‚ որպեսզի մարդկանց ցույց տան‚ թե ծոմ են պահում... Բայց դու երբ ծոմ պահես‚ գլուխդ օծիր ու երեսդ լվա‚ որպեսզի մարդկանց ծոմ պահողի պես չերեւաս‚ հապա Հորդ‚ որ գաղտնի տեղում է գտնվում... Քո Հայրը‚ որ թաքունն է տեսնում‚ քեզ կհատուցի...» (Մատթ.6.16-18):
Պահեցողությունը աստվածատուր պատգամ է: Հին Ուխտի ժողովուրդը պարտավոր էր ազգովի ծոմ բռնել «Քավության օրը»: Յուրաքանչյուր անձ ստիպված էր իրեն զրկել ուտելուց‚ խմելուց եւ զվարճութուններից՝ տրտմեցնելով իր հոգին (Ղեւտ. 16.31): Դատավորացի մեջ կարդում ենք‚ որ ողջ հրեա ազգը ծոմ էր պահում (Դատ. 20.26): Հին Կտակարանում շատ են նաեւ առանձնական պահեցողության գործադրությունները‚ որոնց միջոցով փրկվում են բազում վշտերից. Դանիել մարգարեն՝ առյուծներից‚ երեք մանուկները՝ բոցավառ կրակից...
Նոր Կտակարանից գիտենք‚ որ Հիսուս Իր մկրտությունից հետո անապատում քառասուն օր ծոմ է պահում‚ որից հետո սատանան Նրանից պարտված հեռանում է:
Հովհաննես Մանդակունին պահքի կապակցությամբ ասում է. «Պահք պահողը պետք է նվազեցնի իր կերակուրների քանակը... ոմանք բանջարով‚ ուրիշները՝ ընդեղենով‚ ոմանք՝ մի կտոր հացով‚ ոմանք բավարարվեցին քիչ կերակուրով՝ պահպանելու համար իրենց կենդանությունը‚ ոչ թե մարմինը մեծացնելու‚ որն էլ գրգռում է ախտերի ցանկությունը: Պետք է քիչ ուտել‚ քիչ խմել‚ քիչ քնել եւ անդադար աղոթել» (Ճառք, էջ 33):
Պահքով քրիստոնյան արտահայտում է Աստծո հանդեպ ունեցած իր հավատարմությունը: Ցավոք‚ այն երբեմն կատարվում է ձեւականորեն‚ մարդկանց ի ցույց դնելու համար՝ ակնկալելով աստվածային մեծ պարգեւ կամ մարդկային գնահատանք:
Պահեցողությունը պետք է դառնա մեր հոգեկան ապրումների առանցքը‚ որի լրիվ գործադրմամբ միայն կկարողանանք նյութից վեր բարձրանալ եւ հաղորդակցվել երկնայինի հետ: Իսկ նրա ճիշտ գործադրումը օգտակար եւ կարեւոր է յուրաքանչյուրիս նկարագրի կերտմանը‚ հավատքի զորացմանն ու անձի սրբացմանը:
Պահեցողությունը շղթայելով մարմնի բոլոր անդամները՝ արգելում է անպարկեշտ ցանկություններ եւ աղտոտ խորհուրդներ ունենալ‚ հալածում է մտքի խորհուրդների վրա հարձակվող դեւերին‚ որոնք տքնում են աղտոտել եւ պղծել մաքուրների սրտերը: Խիստ պահեցողությունը պահպանում է վարքի ու կենցաղի առաքինությունները եւ հավատքի ամրությունը: Աստված երբ ստեղծեց մարդուն՝ նրան տվեց առաջին պատվիրանը՝ չճաշակել փորձության ծառից: Եթե առաջին մարդը այս պատվիրանը պահեր‚ պիտի ժառանգեր անմահ եւ անմեղսալից մի կյանք եւ երկրի ու երկնքի բարիքները:
Ավետարանները շարունակ հորդորում են պահեցողությամբ‚ խոկումով եւ մաքրակենցաղ վարքով հետեւելու Տիրոջ օրինակին եւ պահեցողության օրերի մեջ որպես երկնային երանություն ունենալ Նրան՝ մեր Առաջնորդ Հիսուս Քրիստոսին:
Բ. Թ.

369
 
To Top