ԴԵՊԻ ԳՈՂԳՈԹԱ (3) View owner articles View all

ԴԵՊԻ ԳՈՂԳՈԹԱ (3)«Եւ ապա ջուր վերցնելով՝ լցրեց կոնքի մէջ և սկսեց իր աշակերտների ոտքերը լուանալ և սրբել մէջքին կապած սրբիչով: Մօտեցաւ Սիմոն Պետրոսին, և սա ասաց նրան. «Տէ՛ր, դո՞ւ ես իմ ոտքերը լուանում»: Յիսուս պատասխանեց նրան ու ասաց. «Ինչ որ ես անում եմ, դու հիմա չես իմանում, բայց յետոյ կիմանաս»: Պետրոսը նրան ասաց. «Իմ ոտքերը յաւիտեան չես լուանայ»: Յիսուս պատասխանեց. «Եթէ քեզ չլուանամ, ինձ հետ մաս չունես»: Սիմոն Պետրոսն ասաց նրան. «Տէ՛ր, ոչ թէ միայն իմ ոտքերը, այլև իմ ձեռքերն ու գլուխն էլ լուա՛»(Յովհ. 13.10):
«Եկէ՛ք ինձ մօտ, բոլոր յօգնածներդ ու բեռնաւորուածներդ… սովորեցէ՛ք ինձնից, որ հեզ եմ եւ սրտով խոնարհ,- ասում է Տերը և ոչ միայն ասում է, այլև կենդանի օրինակ է ցույց տալիս՝ ասածը գործով է ապացուցում: Թագավորների Թագավորը, Ով ունի ամեն տեսակ իրավունք և իշխանություն թե՛ երկնքում և թե՛ երկրի վրա, Ում երկրպագում են Աստծո բոլոր հրեշտակները, մեր առաջ կանգնած է ծառայի կերպարանքով և կատարում է ծառայի ամենաստորին պաշտոնը՝ Նա լվանում է մեղավորների ոտքերը: «Մի օրինակ տուի ձեզ, որ ինչպէս ես ձեզ արեցի, դուք էլ նոյն ձեւով անէք»,- ուսուցանում է մեզ մարդկանցից Ամենախոնարհը:
Փրկիչը մոտենում է Պետրոսին՝ նրա ոտքերը լվանալու: «Տէ՛ր, դո՞ւ ես իմ ոտքերը լուանում»,- բացականչում է եռանդուն աշակերտը և չի ցանկանում, որ Հիսուսը Իր ոտքերը լվանա: Այդպես էլ և դու, ո՛վ ինքնահավան ու համառ սիրտս, դու էլ չես թողնում Փրկչին, որ քեզ մեղքերից մաքրի, դու խանգարում ես Նրան և մերժում Նրա ողորմածությունը, որ ամեն անգամ գթությամբ է մոտենում քեզ: «Ինչ որ ես անում եմ, դու հիմա չես իմանում, բայց յետոյ կիմանաս»,- ասում է Հիսուս ընդդիմացող աշակերտին: Աստծո նախախնամությունը մեզանից ծածկված է, և մենք չենք կարող հասկանալ մեզ անհայտ ապագայի ամեն մի գաղտնիք: Մենք պետք է միայն հեզությամբ խոնարհվենք Տիրոջ կամքի առաջ և քայլենք Իր ցուցանած ճանապարհով: Եվ Պետրոսն էլ չհասկացավ այն աստվածային ողորմությունը և շնորհը, որն իր վրա էր իջնում և իր անհասկացողությամբ չկամեցավ ընդունել այդ ողորմությունը: . «Իմ ոտքերը յաւիտեան չես լուանա»,- ասաց նա համառությամբ: Խեղճ Պետրոս, ողորմելի մարդկային սիրտ, դու որքա̃ն երկար ժամանակ համառությամբ ընդդիմանում ես Աստծո ողորմությանը, փախչում ես անձիդ փրկությունից, շատ դեպքերում էլ հուսահատության մատնվում, անտեսում և արհամարում աստվածային սերը հենց նրա համար, որ այդ սերը քեզ շատ մեծ է թվում: Փոքր սիրտը չի կարող Նրա ընդարձակ և առատ սերն ընդգրկել և ըմբռնել: Եվ եթե այդ սերն այդքան մեծ չլիներ, մեզ ի՞նչ կլիներ:
«Եթէ քեզ չլուանամ, ինձ հետ մաս չունես»… Հիսուսի այս խոսքերից Պետրոսը հաղթվում է: Նրա հետ մաս ունենալու երջանկությունից զրկվե̃լ… Զրկվելն անտանալի է այն սրտի համար, որի վրա ազդում է Սուրբ Հոգին, անտանելի է այն սրտի համար, որը սիրում է Տիրոջը: «Տէ՛ր, ոչ թէ միայն իմ ոտքերը, այլև իմ ձեռքերն ու գլուխն էլ լուա»,- ասում է աշակերտը: Եվ Պետրոսի նման բոլորս, թեև ուշացած, ի վերջո պետք է ընդունենք աստվածային ողորմությունը, Գողգոթայով իրագործված այն փրկագործությունը, որը մեզ պետք է առաջնորդի դեպի Իր հավիտենական թագավորությունը:
***
Տե՛ր իմ Աստված Հիսուս Քրիստոս, Դու որ աշխարհի ստեղծագործությունից առաջ Քո Հոր փառքի մեջ էիր, երկիր եկար ոչ թե նրա համար, որ Քեզ ծառայեն, այլ՝ որ Դու ինքդ մեղավորներին ծառայես և Քո կյանքդ մեզ համար զոհաբերես: Դու տեսնում ես և գիտես, Տե՛ր, թե մենք որչափ մեծամիտ, համառ և ինքնահավան ենք: Ազատի՛ր մեզ հպարտության այդ ոգուց և մեզ հասկացրու, թե որքան մեծ է մեր ձգտումը դեպի չարը: Տե՛ր, ցույց տուր մեզ, թե որքան թույլ և չնչին արարած ենք Քո առջևդ, ցույց տուր մեզ մեր մեղքերը, որպեսզի մեր խղճմտանքից ծածուկ չմնան, որպեսզի միշտ կարողանանք տեսնել, թե որքան անմաքուր ու հանցավոր է մեր հոգին: Ուստի, Տե՛ր, մեր մեջ հաստատիր աստվածային Քո Հոգին, մխիթարիչ և սրբագործող այն Հոգին, որ խոստացել ես Քեզ հավատացողներին, որպեսզի մեր մասին էլ կարելի լինեի ասել, թե՝ «դուք մաքրված, սրբված և փրկված եք Հիսուս Քրիստոսի անունով և Սուրբ Հոգով». Ամեն:

370
 
To Top