ՓՐԿԻՉԸ... ՔԵԶ Է ՓՆՏՐՈՒՄ View owner articles View all

ՓՐԿԻՉԸ... ՔԵԶ Է ՓՆՏՐՈՒՄ«Որովհետեւ Աստված իր Որդուն չուղարկեց աշխարհ‚ որ դատապարտի աշխարհը‚ այլ՝ որպեսզի աշխարհը Նրանով փրկվի»
(Հովհ. 3:17):
Ամենահրաշալի փաստերից մեկը‚ որ բացահայտում է գրքերի Գիրքը՝ Աստվածաշունչը‚ այն է‚ որ Փրկիչը փնտրում է մեղավորին: Նա չի փնտրում նրան դատապարտելու‚ այլ՝ նրան փրկելու:
Մի հարուստ ծնողների զավակ ընդդիմացավ ծնողական իշխանության դեմ‚ կռվեց հոր հետ եւ հեռացավ տնից: Նա թափառեց քաղաքից քաղաք՝ աստիճանաբար սուզվելով ավելի ու ավելի ցածր‚ մինչեւ դարձավ փողոցային մի չքավոր մուրացկան:
Հայրը երկար փնտրեց որդուն‚ սակայն ապարդյուն: Եվ մի օր‚ հեռավոր մի քաղաքում նրան մոտեցավ ցնցոտիներ հագած մի շրջմոլիկ եւ մետաղադրամ խնդրեց: Հայրն անակնկալի եկավ՝ ինչ-որ հարազատ ու ծանոթ բան կար նրա ձայնի մեջ: Մի պահ նայեց շրջմոլիկի անճանաչելիորեն փոխված դեմքին‚ ապա թեւերը պարզելով՝ գրկեց չքավորին եւ հուզմունքով բացականչեց. «Որդի՛ս‚ ես քեզ էի փնտրում‚ որպեսզի ամեն ինչս տամ քեզ‚ իսկ դու մետաղադրա՞մ ես խնդրում»:
Ահա այսպես էլ Աստված համբերությամբ եւ սիրով փնտրում է մեղավորներին‚ որպեսզի լուսավորի նրանց կյանքը ճշմարիտ լույսով եւ փրկի հոգիները խավարի իշխանությունից. «Առողջներին բժիշկ պետք չէ‚ այլ՝ հիվանդներին... քանզի ես արդարներին կանչելու չեմ եկել‚ այլ՝ մեղավորներին» (Մատթ. 9:12-13):
Որքա̃ն մեծ է Աստծո սերը եւ ողորմությունը: Մեղավորը մարդն է‚ իսկ Աստված Նա‚ որի դեմ այդքան մեղանչել ենք: Մարդն արարած է‚ իսկ Աստված՝ արարողը‚ մարդը պարտապանն է‚ իսկ Աստված՝ պարտատերը: Եվ զարմանալին այն է‚ որ փոխանակ մեղավորը Աստծուն փնտրելի‚ Աստված է փնտրում մեղավորին. «Որովհետեւ մարդու Որդին եկավ փնտրելու եւ փրկելու կորածին» (Ղուկ. 19:10):
Աստված իրեն խոնարհեցրեց‚ իջավ Իր գահից‚ մարդացավ‚ որպեսզի մարդուն փրկի չարից: Նա ցույց է տալիս ճանապարհը‚ փրկության դուռը‚ բայց մարդը դեռեւս խարխափում է խավարում եւ չի ուզում տեսնել իր առջեւ ցոլացող լուսը: Փնտրենք Աստծուն մեր ամբողջ սրտով‚ մեր ամբողջ հոգով: Փնտրենք Աստծուն Աստծո ճանապարհով: Չհապաղենք. հիմա է օրը‚ հիմա է ժամանակը‚ այլապես կփակվի երկնքի դուռը‚ ինչպես տասը կույսերի առակում. «Ուստի արթո՛ւն կացեք‚ որովհետեւ չգիտեք ո՛չ օրը եւ ո՛չ էլ ժամը‚ որի մեջ Մարդու Որդին կգա» (Մատթ. 25:13):
Լիլիթ ՄԱՆՈՒԿՅԱՆ

366
 
To Top