ԱՍՏԾՈ ՍԵՐԸ ԵՎ ՄԱՐԴՈՒ ԱԶԱՏ ԿԱՄՔԸ View owner articles View all

ԱՍՏԾՈ ՍԵՐԸ ԵՎ ՄԱՐԴՈՒ ԱԶԱՏ ԿԱՄՔԸ«Աստված սեր է»‚- ասում է մեզ Հովհաննես առաքյալը (Հովհ. Ա Դ 9): Հիրավի, սա Աստծո լավագույն բնութագիրն է եւ օգնում է հասկանալու‚ թե Ով է Աստված: Ինչ բառերով էլ բնորոշենք Աստծուն, միեւնույն է այն թերի կլինի, որովհետեւ Աստված վեր է մարդկային ըմբռնումի սահմաններից: Սակայն որոշ բացառություն պետք է արվի «սեր» բառի համար: Իրոք‚ որ մեր հայրերի դավանած միակ ճշմարիտ Աստվածը Սիրո Աստվածն է: Նա մարդկային չափանիշների համաձայն‚ վրեժխնդրության եւ մինչեւ իսկ արդարադատության Ատվածը չէ: Նա նման չէ արդարամիտ ոստիկանի‚ որ պետք է կարգուկանոն հաստատի՝ գրանցելով մեր զանցանքները: Նա նման չէ նաեւ արդարադատ դատավորի‚ ում պարտականությունն է անաչառ դատել՝ մերկացնելով եւ պատժելով մեղավորին‚ դրանով իսկ մնացյալներին օրինակ ցույց տալով:
Ո՛չ‚ մեր Աստված արդարամիտ է ո՛չ այդ կերպ: Վա՛յ մեզ‚ եթե Նա այդպիսին լիներ: Աստված մեզ բոլորիս սիրող Հայր է: Սակայն մարդկային կասկածամտությունը ոմանց մոտ հարց է առաջացնում. «Եթե Աստված սեր է‚ ապա ինչո՞ւ աշխարհում այդքան վիշտ‚ անիրավություն ու դժբախտություն կա»:
Ի պատասխան՝ մեջբերենք լուսահոգի Եպիֆան Թեոդորոպուլոսի խոսքերը. «Առանց Քրիստոսի աշխարհն անիմաստ է: Առանց Քրիստոսի դուք ոչինչ չեք կարող բացատրել. ինչի՞ համար են վիշտը‚ անարդարությունը‚ ձախողումները‚ հիվանդությունները եւ այլ նեղություններ: Մարդն իր սահմանափակ մտքով ի զորու չէ ստանալու բոլոր այդ «ինչուների» պատասխանները: Ամեն ինչ բացատրվում է միմիայն Քրիստոսով: Մեզ պատրաստում են հավերժության: Թերեւս այնտեղ մենք արժանի կլինենք ստանալու որոշ «ինչուների» հավաստի պատասխանները»:
Մեր Աստված՝ փիլիսոփաների‚ թերահավատների աստվածը չէ: Նա Անձ է‚ ոչ՝ գաղափար, Անձ՝ Ով ցանկանում է Իր ստեղծագործությանը՝ մարդուն հաղորդակից դարձնել Իրեն եւ հավերժությանը: Եւ պայմանը, որ դրված է մարդու առջեւ դա այն է, որ նա սիրի իր Արարչին եւ իր նմաններին: Այսինքն՝ մեր մեջ սեր ունենալով է միայն, որ կարող ենք կերպարանակից, հաղորդակից եւ փառակից լինել մեր Արարչին:
Ճշմարիտ‚ խորունկ սիրո հիմքը ազատ կամքն է: Անհնար է սիրել մեկ այլ մարդու՝ անհրաժեշտությունից կամ հարկադրանքից դրդված: Սուրբ Աստված հայրաբար‚ մարդուն հարգելով ու սիրելով ուզում է‚ որ նա ազատ լինի: Նա մարդու հանդեպ բռնություն չի գործադրում‚ այլ ազատ կամք է տվել եւ սպասում է‚ թե երբ մարդ կընդունի Նրան իր կյանքի մեջ. սակայն մարդը միշտ ազատ է՝ անգամ նրանից հրաժարվելու իր կամքի մեջ:
Աստված մեզ ինքնակամ ընտրության իրավուք է տալիս եւ չի պարտադրում մեզ Իր ներկայությունը: Զգուշորեն օգնում է մեզ հաղթահարելու մեր մարդկային թուլությունը եւ ընտրելու այն‚ ինչ մեր օգտին է՝ գտնել Նրան‚ միանալ Նրան եւ լինել Նրա հետ: Դա է մեր կյանքի նպատակը‚ որովհետեւ մենք ստեղծված ենք Նրա կողմից եւ Նրա համար:
«Եվ սա է հավիտենական կյանքը‚ որ ճանաչեն քեզ միակ Ճշմարիտ Աստված‚ եւ նրան‚ որ դու ուղարկեցիր՝ Հիսուս Քրիստոսին» (Հովհ. ԺԷ 3):
Աստված յուրաքանչյուր հոգուն մոտենալու եւ նրան դեպի իրեն ձգելու իր ճանապարհներն ունի: Նա գիտի՝ ինչպես հաղորդել նրան Իր գոյության մասին‚ գիտի՝ ինչպես խոսել նրա հետ‚ նրան հնարավորություն‚ պատճառ եւ առիթ տալ‚ որպեսզի մոտենա եւ ճանաչի Իրեն‚ որ մարդը երջանկանա եւ խնդրի Աստծուն‚ որ Նա բնակվի իր մեջ: Ժամանակ առ ժամանակ Աստված նրա հետ խոսում է քաղցր ու սիրալիր եւ այնժամ աստվածային սիրուց հոգին վեր է ճախրում դեպի երկինք՝ մոռանալով երկրային ամեն բան: Այսպես Աստված ավելի է սերտացնում Իր միությունն ու առնչությունը հոգու հետ եւ նրա դիմաց բացում բերկրանքի ու երանության դռները՝ փառքից փառք առաջնորդելով:
Սակայն‚ ցավոք‚ կան հոգիներ‚ որոնք իրենց եսակենտրոնության‚ եսասիրության եւ ծուլության պատճառով չեն ընդունում Տիրոջը: Անփութությունը‚ անտարբերությունը‚ աննպատակ որոնումներն ու զբաղմունքները եւ կամ անցողիկ ու փուչ հաճույքները հյուծում‚ սնանկացնում եւ կորստյան են մատնում այդ հոգիները: Բնական է‚ որ այդ հոգիներում զարհուրելի ու դաժան պայքար է տեղի ունենում: Կենաց ու մահու խնդիրն ամեն օր‚ ամեն ժամ հառնում է նրանց առաջ: Արդյոք դեն չնետե՞լ ստրկության շղթաները եւ ամեն ինչ սկսել նորից: Պայքարե՞լ արդյոք ազատագրվելու համար կատաղի թշնամու՝ սատանայի որոգայթներից: Զգաստությամբ‚ աղոթքով ու ժուժկալությամբ նոր կյանք չսկսե՞լ արդյոք՝ սուրբ Աստծո հետ միավորվելու համար: Թե՞ իսպառ մատնվել հուսահատության եւ ամբողջովին‚ առանց դիմադրության հանձնվել աշխարհի ունայնությանն ու թոհուբոհին‚ ծուլությանը‚ մարմնական հաճույքներին եւ դրանով էլ դադարել կամենալ Աստծուն եւ Նրա սուրբ ներկայությունը: Եթե գերակշռում է առաջինը‚ ապա մոլորյալ զավակը վերադառնում է Աստծո տուն զղջումով ու մորմոքող սրտով՝ շարունակ կրկնելով. «Հա՛յր‚ մեղանչեցի երկնքի դեմ եւ քո առաջին‚ եւ այլեւս արժանի չեմ քո որդին կոչվելու» (Ղուկ. ԺԵ 21):
Ամենաբարեգութ Հայրը‚ որ սպասում է իր զավակի դարձին‚ այդժամ առնում է նրան Իր գիրկն ու ներս տանում Իր տուն‚ Իր թագավորություն: Եվ սկիզբ է առնում մեծագույն ուրախությունը‚ խրախճանքը հոգու‚ որն անասելի երախտագիտություն է զգում Հոր սիրո հանդեպ:
Բայց եթե հոգին իր եսակենտրոնությամբ չի ուզում վերադառնալ Հոր մոտ‚ նրա տառապանքները սաստկանում են՝ անգամ եթե արտաքուստ երջանիկ‚ ուրախ ու գոհ է երեւում: Այսպես‚ հոգիները դառնում են սատանայի եւ դժոխքի զոհը: Նրանց գործերն ու խոսքերը‚ նրանց վարքուբարքն ու կյանքը մահվան գարշահոտություն են արձակում: Ինչպիսի վիշտ սուրբ Աստծո համար‚ որը կամենում է‚ որ բոլոր մարդիկ ճանաչեն ճշմարտությունը եւ փրկվեն‚ որոնց համար Քրիստոս մահ ընդունեց:
Ուրեմն քայլենք Աստծո ճանապարհով‚ որպեսզի արժանանանք Նրա բարեհաճությանը եւ վայելենք երկնքի թագավորության անանց բարիքները:

Ռուսերենից թարգմանեց Անահիտ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

412
 
To Top