ՄԻ՛ ՀԱՆԳՑՐԵՔ ՍՈՒՐԲ ՀՈԳԻՆ View owner articles View all

ՄԻ՛ ՀԱՆԳՑՐԵՔ ՍՈՒՐԲ ՀՈԳԻՆ«Մի՛ հանգցրեք Հոգին‚ մի՛ արհամարհեք մարգարեությունները‚ քննեք ամեն ինչ‚ բարին ամուր բռնեցե՛ք‚ հեռո՛ւ մնացեք բոլոր չար բաներից» (Ա Թեսաղ. 5. 19-22):
Սուրբ Հոգին Աստված է՝ հավիտենական անդամը Սուրբ Երրորդության: Նա ոչ թե «Աստծուց բխող մի անանձ զորություն է», ինչպես սովորեցնում են մի շարք կեղծ ուսմունքներ‚ այլ՝ ամենագետ եւ ամենակարող Անձ‚ գոյակից է‚ գործակից եւ փառակից Հայր Աստծուն եւ Որդի Աստծուն՝ Հիսուս Քրիստոսին: Սուրբ Հոգին պաշտոնակից է Նրանց նաեւ տիեզերական ստեղծագործության եւ համամարդկային փրկագործության մեջ: Նրա ամենաբարձր պաշտոնն ու ջանքը մեզ Աստծո Որդու պատկերին կերպարանակից դարձնելն է‚ որը Հայր Աստծո ծրագիրն է‚ ծայրագույն փափագն ու նպատակը: Եվ Սուրբ Հոգին մեր մեջ սկսած այս գործը ավարտին կհասցնի‚ եթե մենք ամեն օր որպես հլու զավակներ՝ սիրահոժար հպատակություն ցույց տանք Իրեն:
«Մի՛ հանգցրեք Սուրբ Հոգին»,- հորդորում է առաքյալը եւ այս խոսքերով ներկայացնում մեկին‚ որ սուրբ բոցը ձեռքին գալիս է մեղքի եւ մահվան խավարով ծածկված մեր ներքին աշխարհը լուսավորելու‚ գալիս է մթագնած մտքերին «ճշմարտության լույսը» տալու‚ մարդկության բթացած խիղճն արթացնելու եւ ապականված սրտերի մեջ մեղքի գիտակցություն ձեւավորելու‚ բոլորիս դժոխապատ հոգին զղջման եւ ապաշխարության արտասուքով ծնկի բերելու: Այս ամենից հետո Սորբ Հոգին հարատեւ ջանքով յուրաքանչյուր ճշմարիտ քրիստոնյայի հասցնում է «հաղթական կյանքի», «պտղաբեր ծառայության» եւ «հավիտենական փառքի»: Նշանակում է‚ որ ինչպես որեւէ անզեղջ մեղավոր‚ նույնպես էլ ցանկացած քրիստոնյա կամակոր ընդդիմությամբ կարող է մարել իր մեջ Սուրբ Հոգու կանթեղը: Եվ եթե մեղավորը շարունակում է շնորհի Հոգուն ընդիմանալ, Նրա լույսն արհամարհել‚ հանդիմանություններն ու հորդորները մերժել‚ ապա Սուրբ Հոգին ճարահատյալ մեկնում է‚ իսկ լույսի ճրագը՝ մարում:
Աններելի մեղք է խստասրտությունը: Դրա համար Սուրբ Հոգին այսպես է ասում. «Այսօր‚ եթե Նրա ձայնը լսեք‚ մի՛ կարծրացրեք ձեր սրտերը ձեր հայրերի պես...» (Եբր. 3. 7-8): Սուրբ Հոգու կանթեղը կարող են մարել չար ընկերակցությունները: Ներկայումս շատ են ցոփ կյանքով ապրող անբարո անձնավորությունները: Ճշմարիտ են սուրբգրային տողերը. «Մի՛ խաբվեք‚ չար ընկերակցությունները բարի վարքն են ապականում»: Անհրաժեշտ է բարեկամանալ այնպիսիների հետ‚ որոնք Աստծո երկյուղն ունեն եւ հարգում են հոգեւոր ու բարոյական սկզբունքները: «Հաղորդակցվում էի քեզնից երկյուղ կրող բոլոր մարդկանց հետ‚ ովքեր պահում են պատվիրանները քո» (Սաղմոս 118.63):
Ցավոք այսօր մեծանում է մի սերունդ‚ որը մեզ ամոթ ու վախ է պատճառում: Եվ մենք պետք է ոչ միայն մեր մեջ վաո պահենք Սուրբ Հոգու կրակը, այլեւ ջանանք մեր զավակներին եւս հաղորդակից դարձնենք նրան:
Աղտոտ միտքն ու հոգին տրտմեցնում եւ մարում են Սուրբ Հոգին: Եւ ինչպես թույնից եւ կրակից ենք զգուշանում‚ այնպես էլ պիտի հեռու մնանք ամեն մի անսրբությունից: Յուրաքանչյուր քրիստոնյա իր ներսում ունի Սուրբ Հոգու ջահը‚ ուստի մեր նվիրական պարտականությունն է ամեն օր այն բոցավառ պահել‚ որ չլինի թե Փեսան գա‚ եւ մենք հիմար կույսերի պես սկսենք ողբալ ու անհոգության պատճառով զրկվենք «Գառնուկի հարսանիքից» (Մատթ. 26. 1-13):
Տերը մոտ է: Եթե կամենում ենք Նրան լեցուն եւ վառված լապտերներով դիմավորել‚ ապա անհրաժեշտ է հարատեւել Սուրբ Գրքի‚ հոգեւոր գրքերի ընթերցանության մեջ‚ առանձին աղոթքի ժամեր ունենալ‚ ու ապրել սիրո եւ սրբության կյանք‚ լինել բարեգործական եւ ամեն տեսակ հոգեշահ ծառայությունների մեջ: Շատ կարեւոր են նաեւ ամենօրյա անձնաքննությունները‚ խոստովանություններն ու վերանորոգությունները՝ մեր հավատքի աճի եւ սրբացման համար: Սրանք աստվածատուր յուղի հորդառատ աղբյուրներ են՝ Սուրբ Հոգու ջահը վառ պահելու համար:
Սամվել ՊԱԳԳԱԼՅԱՆ

477
 
To Top