ՍՐՏԻ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆԸ View owner articles View all

ՍՐՏԻ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆԸ«Ոչ մի արտաքին գրավչություն չի կարող լիակատար լինել‚ եթե այն չի գունեղանում ներքին գեղեցկությամբ»: Վ.Հյուգո
Գեղեցկությունը մի հատկություն է‚ որն անձին կամ իրը սիրելի է դարձնում դիտողին: Ամեն գեղեցկություն յուրովի տարբերվում է մյուսից‚ եւ աշխարհն էլ այլազան գեղեցկությունների մի հավաքածու է: Գեղեցիկը կարծես իր մեջ մի խորհուրդ է պարունակում, եւ այն հավասարազոր է բարությանը: Գեղեցիկն Աստծուց է ժառանգված մեզ‚ քանզի Աստված է բարության‚ ճշմարտության եւ գեղեցկության ակն ու աղբյուրը:
Առավել անհրաժեշտ է‚ որ մարդիկ գեղեցիկ սիրտ ունենան: Գեղեցիկ ծաղիկը ի վերջո խամրում է‚ բայց սիրտը՝ երբեք, որովհետեւ գեղեցիկ սիրտ եւ հոգի ունեցող մարդու վրա մահը իշխանություն չունի: Նա ժառանգորդն է հավիտենականության, որի համար էլ Հիսուսն ասում է. «Երանի սրտով մաքուրներին, որովհետեւ նրանք Աստծուն պիտի տեսնեն»: Ուրեմն մարդու պարտականությունն է իր սիրտը գեղեցիկ‚ մաքուր եւ անեղծ պահել: Որեւէ իր եթե հեռացվում է լույսից‚ ապա կորցնում է իր գեղեցկությունը‚ եւ որեւէ սիրտ‚ եթե հեռանա Աստծուց‚ ապա կխամրի ու կսեւանա: Դիմագծի գեղեցկությունն արժեք չի ունենա‚ եթե սիրտը տգեղ է: Ահա այդպիսի մի իրական դեպք‚ որ պատահել է Լեոնարդո դա Վինչիի հետ:
Մեծ նկարիչը‚ երբ իր «Խորհրդավոր ընթրիք» նշանավոր նկարի պատրաստությունն էր ձեռնարկում‚ երկար շրջելուց‚ փնտրելուց հետո եկեղեցու դպրաց դասի մեջ գտնում է Հիսուսի նման մեկին‚ որի դեմքից անմեղություն‚ կյանքի սրբություն եւ սրտի գեղեցկություն էր բուրում: Նկարի կենտրոնական Անձին նկարելուց հետո արդեն դժվար չէր աշակերտներին նկարելը: Սակայն երբ հերթը հասավ Հուդային‚ կանգ առավ: Նշանավոր նկարիչն իր երեւակայության մեջ չէր կարող պատկերացնել Հիսուսին մատնող աշակերտին: Եվ դրա համար հարկադրված էր տասը տարի քաղաքի ամենացած եւ անբարո վայրերում շրջել‚ որպեսզի Հուդային խորհրդանշող մեկին գտներ: Ի վերջո գտավ նրան հանրային ստորին գինետան մի անկյունում: Իր աշխատասենյակ բերելով՝ նկարեց նրան‚ եւ երբ մարդն ուշքի եկավ‚ հիշեց‚ թե մեկ անգամ էլ է այդտեղ նստել‚ այդ նույն աթոռին: Եվ իր ցուցամատը դնելով Հիսուսի պատկերի վրա՝ ասաց. «Վարպե՛տ‚ կհիշե՞ս‚ այդ իմ պատկերս է. տասը տարի առաջ էր‚ որ ինձ այստեղ նստեցրիր եւ նկարեցիր այն»: Այս խոսքերից հետո Լեոնարդո դա Վինչին ցնցված էր: Աչքերին չէր կարող հավատալ‚ բայց մարդու դեմքի գլխավոր գծերը հաստատում էին այդ:
Ահա թե ինչպես մի գեղեցիկ սիրտ կարող է տգեղանալ եւ անճանաչելի դառնալ: Կյանքի անկումները փոխում են մարդուն եւ աղճատում նրա սրտի գեղեցկությունը:
Ծաղիկների գեղեցկությունը բնությունն է տալիս‚ իսկ բնության տերն Աստված է‚ Մեծագույն նկարիչը‚ որ Իր աստվածային վրձնով ստեղծել է այն: Իսկ սրտի գեղեցկությունը մարդն է ստեղծում‚ կամքի ազատություն ունենալով՝ իր ուզած գույներով է այն պատկերում:
Հիսուսի կյանքի գեղեցկությունները աչքով չի տեսնվում‚ այլ սրտով է զգացվում: Մեր Փրկիչն ապրեց մի գեղեցիկ եւ կատարյալ կյանք‚ որպեսզի Իրեն հավատացողներն ընտրեն նույն ճամփան եւ անմահանան:
Լիլիթ ՄԱՆՈՒԿՅԱՆ

407
 
To Top