AviPlatform Blog posts


ԱՆՆՄԱՆ ՄԱՐԴԸ
ԱՆՆՄԱՆ ՄԱՐԴԸ

2000 տարի առաջ մի Մարդ կար, որի ծնունդը բնական օրենքներին հակառակ էր: Այս Մարդը մի անգամ միայն իր երկրի սահմաններից դուրս եկավ, երբ տարագրված էր մանուկ հասակում: Ոչ հարստություն ուներ եւ ոչ էլ իշխանություն: Նա դեռ նորածին էր, երբ խռովեցրեց թագավորին. մանուկ էր, երբ զարմացրեց իմաստուններին, չափահաս էր, երբ բնության օրենքների վրա իշխեց: Բազմություններ բժշկեց առանց դեղի եւ Իր ծառայության համար վարձք չպահանջեց: Երբեք գիրք չգրեց, սակայն երկրի բոլոր գրադարանները չեն կարող պարունակել այն բոլոր գրքերը, որոնք Իր մասին են գրված: Բնավ երգ չհորինեց, բայց բոլոր երգահանների ունեցած երգերից ավելի շատ երգերի նյութ ընծայեց: Վարժարան չհիմնեց, սակայն որեւէ կրթօջախ չի կարող պարծենալ, թե Իրենից ավելի աշակերտներ է ունեցել: Բանակ չկազմեց եւ այն պատերազմի չառաջնորդեց, բայց որեւէ առաջնորդ չունեցավ Իր չափ անձնազոհ կամավորներ: Անցյալի հպարտ փիլիսոփաների, գիտնականների եւ դիվանագետների անունները եկել ու անցել են, սակայն այս Մարդու անունը էլ ավելի է բարձրանում: Թեեւ Իր խաչելությունից մինչ օրս 2000 տարի է անցել, սակայն Նա կենդանի է: Մահը չկարողացավ Նրան ապականության մատնել, եւ գերեզմանը չկարողացավ Նրան կաշկանդել£ Նա կանգնած է Իր երկնային փառքի գագաթնակետին, որպես Օծյալ Տեր: Այս Մարդը, ինչպես կռահեցիք, Հիսուս Քրիստոսն է՝ մեր Տերը եւ Փրկիչը: Շատ մեծ խոնարհում էր Աստծո գահից՝ ախոռի մսուրում, փառքի գագաթնակետից՝ խոնարհության հարկում, անսահման հարստությունից կատարյալ աղքատության մեջ հայտնվելը եւ, Թագավոր լինելով, ծառայի կերպարանք առնելը: Նա մեր փրկության համար «մարդու կերպարանքով խոնարհեցրեց ինքն իրեն՝ հնազանդ լինելով մինչեւ մահ»(Փիլիպ. 2.8): Ուրեմն Նա մարդու կերպարանքով եղավ, որ մենք աստվածային բնությանը տիրանանք: Նա մարդու Որդի եղավ, որ մենք Աստծո որդիներ լինենք: Այո՛, Նա մեր սիրո համար աղքատացավ: Նա լճով շրջագայեց ուրիշի նավակով, հեծավ ուրիշի անասունը, թաղվեց ուրիշի դամբարանում: Երբ Նա մեռավ, քչերը Նրա վրա սգացին, բայց եւ արեւը սեւ քողով ծածկվեց: Նա երկրի վրա Իր նպատակը իրագործելու համար քվեներով Իրեն բարձրացնելու համար քաղաքական խմբակցություն չհիմնեց եւ ոչ էլ զորավոր բանակ ստեղծեց, այլ ապավինեց միմիայն ճշմարտությանը: Իր գալստյան կրկնապատիկ նպատակը այս խոսքերի մեջ էին ամփոփված. «Ես եկա, որպեսզի կյանք ունենան եւ առավել եւս ունենան»(Հովհ. 10.10): Ս. Պեզիրկանյան


ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ

«Հայտնապես մեծ է աստվածապաշտության խորհուրդը: Աստված մարմնով հայտնվեց‚ Հոգով արդարացավ‚ հրեշտակներին երեւաց‚ քարոզվեց հեթանոսների մեջ‚ աշխարհի մեջ ընդունվեց եւ փառքով համբարձվեց...(Ա Տիմ. 3.16): «Աստված մարմնով հայտնվեց...»: Անհունը իրեն հունավորեց‚ մարմին հագավ եւ բնակվեց մեր մեջ. դարձավ մեզ «ցեղակից», դարձավ մեզ «եղբայր»: Նա‚ որ Հոգի էր‚ հավիտյաններից անտեսանելի‚ անհասանելի‚ Իրեն պարզեցրեց‚ դարձավ տեսանելի‚ հասկանալի‚ մատչելի բոլոր նրանց համար‚ ովքեր կցանկանային եւ ցանկանում են Աստծուն տեսնել‚ խոսել Նրա հետ եւ հաղորդակցվել: «Այն‚ որ սկզբից էր‚ որի մասին լսեցինք‚ որին ականատես իսկ եղանք‚ որին նայեցինք‚ եւ մեր ձեռքերը շոշափեցին կենաց Բանը»(Ա Հովհ. 1.1): Արդարեւ անհնար էր Աստված տեսնել: Անհնար էր Նրան մոտենալ եւ մեր հոգու խորունկ վերքերն ու կարիքները ներկայացնել: «Ահա դեպի արեւելք եմ գնում‚ եւ Նա չի երեւում‚ դեպի արեւմուտք‚ ու Նրան չեմ նշմարում: Դեպի հյուսիս եմ գնում‚ ուր Ինքն է գործում‚ բայց Նրան չեմ կարողանում գտնել: Հարավային կողմն է պահվում‚ եւ չեմ կարողանում Նրան տեսնել» (Հոբ 23. 8-9): Բայց ինչ անկարելի էր մարդկության համար‚ Ծնունդը դարձրեց կարելի‚ եւ Աստված‚ երկինքը ճեղքելով‚ իջավ մեզ մոտ: Իրեն դարձրեց մերձ եւ մատչելի ամենքին: Իմաստուն մոգերը Նրան գտան մսուրի մեջ եւ երկրպագեցին: Փրկիչն իր գրկում մանուկներ կրեց եւ օրհնեց նրանց‚ ձեռքերը բորոտների վրա դրեց‚ եւ նրանք մաքրվեցին: Իր խոսքով մեռելներին հարություն տվեց եւ դիվահարներ ազատագրեց: Խուլերը սկսեցին լսել‚ կույրերը՝ տեսնել, անդամալույծները՝ քայլել ու Աստծուն փառավորել: Իր շուրթերով «Արքայության Ավետարանը» քարոզեց‚ եւ կորսված հոգիներին ազատագրեց: Այո՛‚ «Աստված մարմնով հայտնվեց» եւ շուրջբոլորը լույս ու մխիթարություն տարածեց: Նա‚ որ հավիտյաններից Աստված էր «Հափշտակություն չհամարեց Աստծուն հավասար լինելը‚ ապա Իր անձը ունայնացրեց‚ ծառայի կերպարանք առավ‚ մարդկանց նման եղավ եւ որպես մարդ՝ Իրեն խոնարհեցրեց‚ մինչեւ մահվան հնազանդ եղավ‚ այն էլ խաչի մահվան...»: Ու եթե մեկ վարկյան անգամ գնահատենք Աստծո ցուցաբերած անսահման սերը մեր հանդեպ‚ պիտի հիացմունքով‚ անզուսպ արտասուքով ծնկի գանք Երկնավոր Արարչի առջեւ‚ Նրա‚ ում անունը Սքանչելի է: Ահավոր անկման եւ անարժանության մեջ էինք‚ երբ Աստծո Որդին աշխարհ իջավ: Եկավ‚ որպեսզի յուրաքանչյուրիս ցույց տա Իր սերը‚ եկավ‚ որ մեզ երկինք տանի: Աստծո Որդին‚ տիեզերքի Արարիչն ու Տերը‚ Ինքը՝ Փառքերի Թագավորը‚ մարդացավ‚ որպեսզի մեզ աստվածացնի: Եկավ երկու չարագործների միջեւ մեր փոխարեն խաչվելու‚ որպեսզի մենք ցնծության եւ փառքի մեջ հավիտյան ապրենք: Այդ Աստվածը Ինքը Հիսուս Նազովրեցին է: Նա առանց աղտոտվելու մեր ցեխոտ ճանապարհներով անցավ եւ իր «երկրային կյանքը» ապրեց հողե անշուք տների մեջ: Կրեց մեր ցավերը եւ սիրո ու սրբության ճամփից երբեք չշեղվեց: Հիսուսը խոստացել է բնակվել այն սրտերի մեջ‚ որոնք Իրեն կընդունեն հավատքով: Այս առումով Ծնունդը կրկնվում է ամեն օր եւ ամեն տեղ‚ երբ որեւէ մեկը ուրախ եւ անվերապահ նվիրումով իրեն Աստծուն է ընծայաբերում, ապա Աստված այդ անձով Իրեն աշխարհին է հայտնում: Նրա աչքերով է դիտում ամեն ինչ‚ նրա ոտքերով քայլում դռնեդուռ եւ երկրից երկիր‚ նրա շուրթերով է խոսում հրեայի եւ հեթանոսի հետ‚ հրավիրում բժշկության‚ փրկության եւ փառքի: Այդ նվիրյալի ձեռքերով է Աստված կերակրում սովյալին‚ պաշտպանում անարգվածին եւ սրբում արտասուք: Եվ այդ նվիրյալներն են, որ պետք է ժառանգեն Նրա հավիտենական թագավորությունը. ամեն:


ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՆՈՐ ՏԱՐՎԱ ՇԵՄԻՆ
ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՆՈՐ ՏԱՐՎԱ ՇԵՄԻՆ

Հին ու նոր տարվա սահմանագլխին եմ կանգնած: Վերջացավ հին տարին եւ սկսվում է նորը: Ի̃նչ արագ է թռչում ժամանակը‚ դրա հետ էլ՝ կյանքս: Հետեւաբար‚ ավելի է մոտենում հավիտենականի հետ հանդիպման պահը: Հնարավոր է այդ պահը թաքնվում է այս տարվա մեջ: Հող կդառնա իմ հողեղեն մարմինը‚ եւ նրա հետ՝ ամեն մի նյութական: Սակայն մարդկային հոգին անմահ է‚ եւ ես ուրախ եմ‚ որ հանձնվելու եմ իմ Աստծո ձեռքը եւ շնորհակալությամբ կընդունեմ այն ամենը‚ ինչին նա կարժանացնի ինձ: Շատ-շատերը տարին սկսում են զվարճություններով‚ կերուխումով: Սա նրանց համար պարզապես մի նոր եւ լավ առիթ է կենցաղային հոգսերից մի պահ կտրվելու: Մնացած ամեն ինչում այս օրն էլ մյուս օրերի շարունակությունն է: Յուրաքանչյուր մարդ այս օրերին որոշակի նպատակներ է դնում իր առջեւ, որին անպայմանորեն պետք է ձգտի եւ հասնի նոր սկսվող տարում: Սակայն ինքն իրեն Քրիստոսի աշակերտ համարողը պահ է փնտրում առանձնալու իր սրտի հետ: Նա գիտի‚ որ իր կյանքը մի ճամփորդություն է‚ ուր իրեն սպասում են հազար ու մի պատահարներ: Սակայն այս պատահարները չեն‚ որ նրան դարձնում են երջանիկ կամ դժբախտ: Նա գիտի, որ Աստծո առաջ ամենակարեւորը մաքուր սիրտ ունենալն է, եւ թե ինչպե՞ս է նա ընդունում կյանքի հարվածները. հավատարիմ խոնարհությա՞մբ‚ թե՞ ընդդիմացող հպարտությամբ: Նրա առջեւ կանգնում է մի նոր տարի՝ անհայտ գալիքով‚ կանգնում է Աստծո պատգամավորի նման եւ ասում ապագայի խոսնակի ձայնով. «Ահա ես կանգնեցնում եմ ձեզ կյանքի ճանապարհի եւ մահվան ճանապարհի առջեւ»: Ուղու ընտրությունը մերն է: Ողջ ճանապարհին մեզ հետ են մեր ուղեցույցները. բանականությունն ու հավատը՝ աջ կողմում‚ իսկ թեթեւամտությունն ու զգայական հաճույքները՝ ձախ կողմում: Երկուսն էլ երջանիկ կյանք են խոստանում‚ սակայն երկուսն էլ դրա համար զոհ են պահանջում. առաջինը՝ ներկան‚ երկրորդը՝ ապագան: Պետք է ընտրենք կամ օրհնությունը‚ կամ անեծքը: Տերն ասում է. «Ահա քո առջեւ բաց դուռ եմ դրել», որ տանում է դեպի հավիտենական կյանք: Եթե հաստատ որոշել ես քայլել այդ ճանապարհով‚ իմացի՛ր‚ որ քեզ չի վհատեցնի ոչ մի փորձություն եւ նեղություն‚ անհաջողությունները քեզ չեն տխրեցնի‚ եւ անգամ աղքատության մեջ երջանիկ կլինես: Թո՛ղ այն ճանապարհը‚ որով քայլել ես մինչեւ այսօր‚ որտեղ հոգուդ համար ոչ մի մնայուն արժեք չես գտել: Մեռի՛ր անցյալի համար եւ լուծի՛ր հոգիդ Հիսուս Քրիստոսի աստվածային հոգուն‚ որը կայանում է միայն սիրով‚ խոնարհությամբ եւ մարդասեր առաքինություններով: Անցած կյանքդ եւ սիրտդ քննի՛ր անաչառությամբ եւ ուղղամտությամբ: Երբ այնտեղ գտնես թաքնված թշնամուդ‚ խիզախությամբ պայքարիր նրա դեմ‚ մի հրաժարվիր պատերազմից‚ մինչեւ հաղթես ու հնազանդեցնես նրան: Աչալուրջ եղի՛ր ժամապահի պես եւ միշտ հսկիր հոգուդ սահմանները: Երբ զգաս‚ որ անկարող ես միայնակ հաղթել թշնամուդ‚ դիմիր նրան‚ որ մեզ այնպես քաղցրությամբ ասում է. «Ես քեզ չեմ թողնի»: Լայն եւ արագընթաց մեղքի մայրուղին մարդկանց հասցնում է հավիտենական մահվան: Մարմնով մեղք գործելով՝ դու փորում ես հոգուդ գերեզմանը: Հոգին‚ որ իր մեջ կրում է աստվածային օրենքը‚ անկենդան է‚ երբ մարդու մեջ գործում են միայն մարմնից եւ արյունից բխած ցանկությունները: Նա դիակ է‚ երբ հավիտենական կյանքի փոխարեն մարդու նպատակը դառնում է պահի վայելքը‚ երբ սրտով կապվում ես ոչ թե Աստծո‚ այլ արատավոր‚ ոչնչացման ենթակա երեւույթների հետ: Մահկանացո՛ւ‚ ե՛տ նայիր անցած ճանապարհիդ եւ նոր տարվա այն ճանապարհին‚ որի առջեւ դու այսօր կանգնած ես: Հնարավոր է‚ որ կատարել ես ձեռնտու գործարքներ‚ ոչ մեկին չես խաբել‚ հասարակության համար օգտակար գործի մեջ քո լուման ունես‚ օգնել ես մի թշվառի‚ հաշտվել ես հակառակորդիդ հետ‚ որպեսզի արգելք չլինի ապագա գործերիդ համար: Այս ամենով հանդերձ արդյո՞ք դու այն ճանապարհին էիր‚ որ դեպի կյանք է տանում: Ձեռքդ դի՛ր սրտիդ‚ հիշիր քո Աստծուն եւ անխարդախ պատասխան տուր. արդյո՞ք ներկայացրածիդ չափ բարի ես եղել‚ արդյո՞ք հաղթահարել ես այն թերություններդ‚ որի համար պախարակել ես ուրիշներին‚ արդյո՞ք օգնել ես նրան‚ ումից օգնություն չես սպասել‚ արդյո՞ք քեզ նեղություն տալով, օգնե՞լ ես ավելի կարիքավորին: Զգաստացի՛ր‚ այն ճանապարհը‚ որով քայլում ես‚ կյանքինը չէ: Դու ճշմարիտ առաքինության ճանապարհով չես քայլել‚ այլ խաբել ես ինքդ քեզ: Եւ եթե շարունակես առաջնորդվել հին կրքերով, ապա այս տարվա վերջում էլ քեզ կրկին պիտի չարչարի այն միտքը‚ թե խոստումդ չկատարեցիր եւ մի տարի կորցրիր Աստծո արքայության համար: Չէ՞ որ կգա մի ժամանակ‚ երբ հաշիվ ես տալու անցած կյանքիդ համար: Բայց՝ ո՛չ: Ես գիտեմ դեպի կյանք տանող ճանապարհը‚ որն է՝ Հիսուս Քրիստոսի հոգով ապրելը: Նոր տարվա շեմին կարո՞ղ էի ավելի արժանավոր բան անել‚ քան Տիրոջ առաջ որոշում կայացնելը‚ որը ազատում է մահից եւ դեպի հավիտենական կյանք է տանում: Սակայն հարկավոր է այս որոշումն իրագործել. ո̃վ Աստված‚ տուր ինձ Քո հոգին այն կյանքի համար‚ որ այսուհետեւ պիտի ունենամ: Եվ մի օր‚ այս տարվա վերջում‚ եթե Տիրոջ կամքով ողջ լինեմ‚ պիտի նայեմ այն ճանապարհին‚ որով անցել եմ‚ սիրտս գոհունակությամբ եւ անաղարտ ուրախությամբ ինձ կասի‚ թե Հիսուս Քրիստոսի հետ հոգով միացել եմ ու հաճո եղել Նրան:


ՀՈՎՀԱՆՆՈՒ 3.16
ՀՈՎՀԱՆՆՈՒ 3.16

Ձմեռվա ցուրտ ու սառնաշունչ գիշեր էր: Քաղաքի խուլ փողոցներից մեկի անկյունում կանգնել էր ցնցոտիներ հագած մի փոքրիկ տղա: Նա սրթսրթում ու դողդողում էր՝ շարունակ այս ու այն կողմ նայելով եւ կարծես ինչ-որ բանի սպասելով: Նա տուն ու տեղ չուներ, ոչ էլ՝ ծնողներ եւ բարեկամներ: Չկար տաքուկ անկյուն, ուր նա կարող էր գնալ ու պատսպարվել: Մանկուց որբ էր, անտուն եւ անտեր: Միացել էր գողերի խմբի որոնք տանում էին փոքրիկին մեղքի եւ կորստյան ճանապարհով: Այդ գիշեր նա եւ իր ընկերները պետք է գողություն անելու գնային: Ինչպես միշտ, փոքրիկ տղան սկզբում պետք է ճանապարհ բացեր մեծերի համար՝ հյուծված ու նիհար կազմվածքի շնորհիվ: Նախօրոք պայմանավորվել էին հանդիպել փողոցի անկյունում: Փոքրիկը անհանգստությամբ սպասում էր, բայց ոչ ոք չէր գալիս: Հանկարծ տղայի ուսին ծանրացավ մեկի ձեռքը: Փոքրիկը սարսափած վեր նայեց ու տեսավ քննող հայացքով իրեն նայող անծանոթ պարոնի, որը քաղցր ձայնով հարցրեց. -Տղա՛ս, ի՞նչ ես անում այստեղ այս ուշ ժամին: Քո հասակակից տղաները վաղուց քնել են: Վերադարձի՛ր տուն, պառկի՛ր անկողնումդ ու քնիր: -Ես ո՛չ տուն ունեմ, ո՛չ անկողին,-պատասխանեց տղան վախվխելով: -Ո՛չ տուն, ո՛չ անկողին,-կրկնեց անծանոթը կարեկցաբար: -Ցավալի է, ցավալի, տղա՛ս: Եթե ես քեզ ասեմ մի տեղ, ուր կստանաս հաց ու սնունդ եւ կունենաս անկողին, դու կգնա՞ս այնտեղ: -Այո՛, պարոն, անմիջապե՛ս կգնամ: - Ուրեմն, տղա՛ս, գնա Բ. փողոց, որոնիր թիվ 24 տունը: Փոքրիկ տղան ուզում էր վազելով գնալ, բայց անծանոթը նրան ձայն տվեց: - Սպասի՛ր, սպասի՛ր, տղա՛ս: Վերցրո՛ւ այս թուղթը: Սա ցույց կտաս դուռը բացողին, եւ նա քեզ ներս կթողնի: Կարդալ գիտե՞ս: Վերցրու եւ կարդա թղթի վրա գրվածը: - Պարոն, ես կարդալ չգիտեմ, դպրոց չեմ գնացել: - Դե որ այդպես է, թեկուզ հիշիր հետեւյալ խոսքերը. «Հովհաննու 3-ի 16»: Չմոռանաս, տղաս, որովհետեւ առանց այդ խոսքերի, քեզ ներս չեն թողնի: Չմոռանաս. «Հովհաննու 3-ի 16»: Դա՛ կօգնի քեզ: Տղան ուրախ-ուրախ վազեց ու գնաց: Նա ճանապարհին շարունակ կրկնում էր նշանաբանը: Շուտով գտավ փնտրած տունը՝ 2 մեծ ու ծանր դռնով: Վախվխելով թակեց դուռը: Այն բացվեց, եւ ներսից հարցրեցին՝ ո՞վ է: - Ես եմ, ես՝ «Հովհաննու 3-ի 16»: - Լա՛վ, լա՛վ: Դա այսօրվա նշանաբանն է: Ներս արի, փոքրիկ: Տղային առաջնորդեցին ննջարան: Այնտեղ կային երկշարք մահճակալներ: Տունը պատկանում էր բարերար մարդկանց, որոնք օթեւան էին տալիս խեղճ ու անտուն մանուկների: Փոքրիկ տղան դեռ երբեք այսպիսի տաք ու փափուկ անկողնում չէր պառկել: Նա մտովի կրկնում էր. «Այս ի̃նչ փառավոր անուն էր. Հովհաննու 3-ի 16»: Առավոտյան տղային տվեցին մեծ բաժակով տաք կաթ ու բավական մեծ կտոր հաց: Կշտանալուց հետո նա դուրս եկավ եւ սկսեց թափառել փողոցներով՝ մտածելով գիշերվա ողորմած պարոնի, տաք անկողնի եւ իր նոր անվան մասին: Փոքրիկը միայն վախենում էր, որ գուցե հանդիպի հին ընկերներին: Հանկարծ նա բախվեց մի կառքի, որին չէր նկատել: Վայր ընկավ, եւ կառքն անցավ՝ նրան տրորելով: Տղային տարան մերձակա հիվանդանոցը: Երբ նա ոտքի ելավ, հիվանդապահը հարցրեց. - Ի՞նչ է անունդ, որտե՞ղ ես ապրում, տղա՛ս: Փոքրիկը ցանկանում էր մոռանալ իր վատ անցյալը, ուստի պատասխանեց. - Անունս Հովհաննու 3-ի 16 է: Հիվանդապահն ու մնացած հիվանդները, լսելով այս տարօրինակ պատասխանը, սկսեցին ծիծաղել: Կրկին հարցրին, եւ կրկին տղան ասաց նույնը: Այդպես էլ գրեցին հիվանդի անունը: Տղան մի քանի օրից ընկավ սաստիկ տենդի մեջ: Զառանցում էր եւ կրկնում. - Այո՛, Հովհաննու 3-ի 16: Նա ասաց, թե դա՛ կօգնի ինձ: Եվ դա օգնեց ինձ: Այո՛, դա ինձ օգնեց: Մյուս հիվանդները, որոնք արդեն ոտքի էին կանգնել, բերեցին հիվանդանոցում գտնվող Աստվածաշնչերից մեկը, բացեցին Հովհաննու 3-ի 16-ը եւ կարդացին. «Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որ ամեն նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա»: Հիվանդները կարդացին այս խոսքերը եւ լսեցին, որ փոքրիկը կրկնում էր. «Նա ասաց, թե դա կօգնի ինձ, եւ դա օգնեց ինձ»: Հիվանդների սրտերը դրանից շարժվեցին: Տերը բացեց նրանց միտքը, եւ նրանցից շատերը մեկը մյուսի հետեւից դարձի եկան: Ահա այսպես Աստված Իր զարմանալի շնորհքով ու զորությամբ գործածեց իր խոսքի այդ մեկ համարը փոքրիկ տղայի միջոցով: Նա շուտով կազդուրվեց: Եվ մի առավոտ լսեց անծանոթ ձայն, որը հարցնում էր. - Ինչպե՞ս ես, Հովհաննու 3-ի 16: - Դուք որտեղի՞ց գիտեք իմ նոր անունը: - Դու շարունակ տենդի մեջ դա էիր կրկնում: Ես էլ հիմա կարող եմ ասել. «Օրհնյալ լինի Հովհաննու 3-ի 16-ը: Դու չգիտե՞ս, որ Հովհաննու 3-ի 16-ը գտնվում է Ավետարանի մեջ: - Ո՛չ, չգիտեմ: Ի՞նչ է Ավետարանը: -Ավետարանը կամ Աստվածաշունչը Աստծո խոսքն է,-բացատրեց մյուս փոքրիկը: - Աստծո խո՞սքը: Ես երբեք չեմ լսել այդ մասին: Խնդրում եմ, կարդացեք Հովհաննու 3-ի 16-ը: - Մեծ սիրով: Լսելով այդ խոսքերը՝ փոքրիկ տղան խնդրեց, որ նորից դրանք կարդան իր համար: Ապա որոշ ժամանակ լուռ նստեց, ընկավ մտքերի մեջ: Հետո ուրախացած բացականչեց. - Աստված այնքա̃ն սիրեց մեզ: Ի̃նչ լավ է, ի̃նչ լավ: Ուրեմն Աստված օթեւաններ կտա մեզ ոչ թե միայն մի գիշեր, այլ՝ մի̃շտ, մի̃շտ: Շուտով փոքրիկն առողջացավ եւ դուրս գրվեց հիվանդանոցից: Փոքրիկն սկսեց հաճախել դպրոց: Նա զբաղվեց իր կրթությամբ եւ դարձավ Տիրոջ գործի անխոնջ նվիրյալ:


Ի՞ՆՉ Է ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԱԽՃԱՆ ՉՈՒՆԵՆԱԼԸ
Ի՞ՆՉ Է ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԱԽՃԱՆ ՉՈՒՆԵՆԱԼԸ

Թագավորներից մեկը մի փիլիսոփայի խնդրեց, որ իրեն պարզաբանի թե ի՞նչ է Աստված: Փիլիսոփան մի օր ժամանակ խնդրեց, որ այդ հարցի մասին խորհի, երբ օրն անցավ, ասաց. «Ինձ ավելի ժամանակ է հարկավոր» եւ խնդրեց երկու օր էլ, դրանից հետո՝ եւս չորս օր: Երբ այդ օրերն անցան, ասաց. «Որչափ մտածում եւ խորհում եմ, ոչ մի կերպ պատասխանը չեմ գտնում»: Նույնն էլ կարելի է ասել հավիտենականության մասին, որովհետեւ մարդու միտքը չի կարող քննել եւ ըմբռնել այն: Հավիտենականությունն անհուն բարձր է մեր մտքից, որովհետեւ այն ո՛չ ժամանակ է եւ ո՛չ ժամանակամիջոց, ո՛չ միլիոնավոր եւ ո՛չ էլ միլիարդավոր դարեր է: Հավիտենական չէ այն ամենն ինչ քո շուրջն այսօր դու տեսնում ես, հավիտենական չեն այս կյանքի բոլոր հեշտալի զվարճությունները եւ հրապուրելի գեղեցկությունները, որոնք դու վայելում ես: Հավիտենականույթունն արդարների համար մի այնպիսի հրաշալի եւ երջանիկ առավոտ է, որ բնավ չունի երեկո, իսկ մեղավորների համար մի այնպիսի սոսկալի ու խավար գիշեր է, որը երբեք չունի առավոտ: Երբ բարձր ջերմություն ունեցողի քունը փախչում է, ապա թեկուզ նա պառկած լինի փափուկ անկողնում, այդուհանդերձ սաստիկ կտանջվի եւ իր համար գիշերվա մեկ ժամը մեկ տարի կթվա: Ուրեմն ի՞նչ կլինի նրանց, ովքեր հրեղեն անկողնում պառկած անհույս եւ առանց քուն մտնելու, մշտապես տանջվելու են այն մշտախավար գիշերը, որ հավիտյանս հավիտենից առավոտ չի ունենալու: Ո՛չ մի թիվ չի կարող հավիտենականության տարիներն իր մեջ պարունակել: Եթե ողջ երկինքը թուղթ լիներ, որը ներսից եւ դրսից լցված լիներ թվանշաններով, ապա այդ թիվը չէր կարող հավիտենականության ամենափոքր մասն անգամ ցույց տալ: Հավիտենականությունից վերցրու այնքան տարիներ, որքան ծովը կաթիլներ ունի, անտառներն որքան տերեւներ ունեն, երկիրս որքան ավազի հատիկ ունի, եւ երկինքը որքան՝ աստղեր՝ դարձյալ հավիտենականությունը կմնա ամբողջ եւ անթերի: Պատկերացրո՛ւ ավազի մի այնպիսի մեծ լեռ, որի ծայրը հասներ երկրից մինչեւ երկինք, որից մի հրեշտակ միլիոն տարին մեկ անգամ ավազի մի հատիկ վերցներ եւ անթիվ միլիոնավոր տարիներից հետո այդ լեռը տեղափոխեր մի ուրիշ ընդարձակության մեջ: Ահա եթե այդքան տարիներ հանենք հավիտենականությունից, միեւնույն է հավիտենականությունից ոչինչ չի պակասի, եւ այնպես կհամարվեր՝ կարծես թե նոր է սկսում հավիտենականության առաջին վարկյանը: Մի մեղավոր իր անձը մատնել էր աշխարհի հեշտություններին, երբեք չէր կամենում մի րոպե անգամ զրկվել դրանցից, մի անգամ այնպես պատահեց, որ մի գիշեր մնաց արթուն եւ ամբողջ գիշերն անցկացրեց անհանգիստ: Եւ երբ, անդադար մի կողմից շրջվում էր մյուս կողմի վրա՝ ինքն իրեն ասաց. «Ո՛վ իմ անձ, իսկ որքան̃ անտանելի կլիներ քեզ, եթե այս վիճակով երկու կամ երեք տարի շարունակ անցկացնեիր խավարի մեջ. թեեւ անկողինդ լիներ այսպես փափուկ՝ դարձյալ սա քեզ համար անտանելի պատիժ կլիներ»: Ըստ Աստծո խոսքի, մեղավորները «պիտի գնան դեպի հավիտենական տանջանք, իսկ արդարները՝ հավիտենական կյանք»(Մատթ. 25.46): Ուրեմն սիրելի՛ եղբայր եւ քույր, այս ամենը նկատի ունենալով, երկրային անցավոր այս կյանքում փնտրի՛ր եւ գտի՛ր հավիտենականը, գտի՛ր Քրիստոսին, որպեսզի ժառանգես Նրա հավիտենական թագավորությունը:


ԱՄԵՆԱՍՈՒՐԲ ԵՐՐՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԵՒ ՀԱՅՈՒԹՅՈՒՆ  (4)
ԱՄԵՆԱՍՈՒՐԲ ԵՐՐՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԵՒ ՀԱՅՈՒԹՅՈՒՆ (4)

ՍՐԲՈՒԹՅՈՒՆ Առաջին հայացքից պարզ թվացող քրիստոնեությունը իրականում անսահմանորեն խորն է եւ այդ խորության մեջ է, որ գտնում ենք շատ ու շատ հարցերի պատասխաններ, ծանոթանում Աստծո հետ հաղորդակցվելու պայմաններին: Ամենասուրբին մերձենալու համար անհրաժեշտ է լինել շիտակ թե՛ խոսքով, թե՛ գործով: Սակայն դրան խանգարում են բազում մոլորություններ: ... Իր ցանկությունների, վատ սովորությունների աղտոտ ճահճի մեջ ընկղմված անձը չի կարող տեսնել Տիրոջը: Դո՛ւ, սիրելի ընթերցող, պատարագիր անձդ եւ կլսես Հիսուսի խաղաղարար եւ սուրբ մեղեդին ոչ թե հեռուներում, այլ քո հողեղեն անոթի ներսում: Գիտցի՛ր, հոգիդ ու մարմինդ են այն տավիղը, որի վրա Աստված պիտի նվագի Իր Սիրո եւ Բարության մեղեդիները: Նա, ով մեկ անգամ ճաշակի Երկնավոր Հոր Սերը, այլեւս անկարող կլինի անկեղծ զղջման արցունքներով չլվանալ իր վրայից բազում մեղքերի փոշին: Իսկ եթե մեղքերը նախահարձակ լինեն, նայի՛ր Խաչին գամված Փրկչին. Նա գառան նման մորթվեց ի սեր բոլորի եւ մեռավ քո փոխարեն: Աստված ամենուր է: Նա Իր մեջ է ընդգրկում ողջ Տիեզերքը: Սակայն Նրա ներկայության մեղեդին լսելի է դառնում միայն տաճարացյալ սրտում: Երանի̃ այն սրտին, որի լարերը միայն Աստծո հրամանին են արձագանքում: Հիսուս ասում էր. «Ես եմ բարի Հովիվը եւ ճանաչում եմ իմիններին եւ ճանաչվում իմիններից...Նրանք Իմ ձայնը պիտի լսեն»: Խոնարհ սրտերն են այդ: Իսկ եղծված հոգիները շարունակում են ընկղմված մնալ մեղքերի մահաբույր թմբիրի մեջ եւ չլսել Կանչողի ձայնը: Աստված պատվիրում է. «Սուրբ եղե՛ք, ինչպես որ ես եմ սուրբ»: Սա է Նրա հետ հաղորդակցվելու եւ տիեզերական խորհուրդներին մերձենալու պայմանը: Երկնավոր Հայրը կամենում է, որ լինենք Իր պես սուրբ, բարի, խոնարհ, կատարյալ, աննախանձ, ներողամիտ, հանդուրժող: Սուրբ Գիրքն ասում է. «Ով որ բոլոր պատվիրանները պահի եւ միայն մեկ բանի մեջ հանցավոր լինի, նա բոլորին էլ (պատվիրաններին) պարտական կհամարվի, քանի որ ասված է. «Շնություն մի արա, եւ նույն տեղում էլ՝ մի սպանիր»: Կարեւոր չէ, թե ինչպես ես մեղանչում՝ ստախոսությամբ, հարբեցողությամբ, թե ցանկական աչքերով: Այդ ամենը խոչընդոտում են Արարչին մոտենալուն, զրկում մարդուն աստվածատուր լուսեղեն վահանից եւ հակառակորդի համար դարձնում խոցելի: Ուրեմն Աստծո պատվիրանների կատարման հարցում անպայմանորեն պետք է լինել անզիջում: Աստծուն պետք է նվիրվել ամբողջ սրտով: Նա կիսատություն չի հանդուրժում: Պատահական չէ, որ Աստվածաշունչը կոչ է անում լինել տաք կամ սառը, բայց ոչ երբեք՝ գաղջ: Բոլոր սրբերի անօրինակ վարքը ապացուցում է այդ եւ վկայում Աստծուն անմնացորդ հանձնվելու անհրաժեշտության մասին: Այդ նվիրումով է, որ Գողգոթան վերածվում է Ձիթենյաց լեռան, եւ աշխարհի իշխանը պարտության է մատնվում: Այն պահից, երբ որոշում ես մինչեւ մահ հավատարիմ մնալ Աստծուն, անձնատուր լինում Նրա կամքին, դրանից հետո է ամեն բան դյուրին դառնում: Այլընտրանք չկա: Պետք է կամ ընտրել Աստծուն եւ հանձնվել Նրա Հայրական խնամքին, կամ՝ տրվել սատանային: Մոտեցե՛ք Աստծուն, եւ Աստված պիտի մոտենա ձեզ: Ոչ ոք չի կարող որոշել հանդիպման պահը: Դա վերապահված է միայն Բարձրյալին: Նա ընդառաջ է գալիս՝ ինչպես անառակ որդու հայրը: Սուրբ Հոգին՝ թագուհին Տիեզերքի, ճշմարիտ աղախնու պես սպասավորում է մեր հոգուն՝ փրկության համար, եւ Նրա միջոցով է, որ պիտի գտնենք Փրկչին: Սուրբ Հոգին անչափ նրբազգաց է, քնքուշ եւ նույն քնքշությամբ է վարվում մեզ հետ, երբեք մեր կամքին հակառակ ոչինչ չի անում: Տիեզերքի հրեղեն լեզուն ամեն վայրկյան մեր կողքին է, բախում է մեր հոգիների դռները՝ ցանկանալով ներս մտնել եւ սովորեցնել, ճանաչել տալ Հորը եւ Որդուն: Իսկ երբ համառում ենք, անտեսում՝ տրտմում է մեր սրտի գավթում նստած՝ միշտ պատրաստ արձագանքելու առաջին իսկ կանչին: Բյուզանդ ԿԵՈԶՈՒՊԵՈՅՈՒՔՅԱՆ (շարունակելի)


ԴԵՊԻ  ԳՈՂԳՈԹԱ  (2)
ԴԵՊԻ ԳՈՂԳՈԹԱ (2)

«Եւ երբ ժամը հասաւ, սեղան նստեց, եւ տասներկու առաքյալներն էլ՝ իր հետ: Եւ նրանց ասաց. «Յոյժ ցանկացայ այս Պասեքի ընթրիքը ուտել ձեզ հետ, քանի դեռ չեմ չարչարուել» (Ղուկ. ԻԲ 14, 15): *** Փրկիչն Իր չարչարանքներից առաջ աշակերտներին հայտնեց, որ Ինքը պետք է չարչարանքներով մահվան դատապարտվի, որով աշակերտներին ևս նախապատրաստում է առաջիկա տագնապալի իրադարձություններին: Նա ասում է. «Ահաւասիկ Երուսաղէմ ենք բարձրանում, եւ մարդու Որդին պիտի մատնուի քահանայապետերին ու օրէնսգէտներին. Եւ նրան մահուան պիտի դատապարտեն ու նրան հեթանոսներին պիտի մատնեն՝ ծաղրուելու, ծեծուելու եւ խաչը հանուելու համար, սակայն նա երրորդ օրը յարութիւն պիտի առնի» (Ղուկ. Ի 18, 19): Հիսուսի այս խոսքերը պարզորոշ ցույց են տալիս, որ Նրան հայտնի են Իրեն սպասվող չարչարանքների մանրամասները: Եվ ինչպե՞ս կարելի է չզարմանալ Փրկչի անսահման սիրո վրա: Ո՞վ է տեսել կամ լսել, որ մարդս աչքի առաջ ունենա այսպիսի սարսափելի չարչարանքները և սոսկալի մահը, բայց և իր վերջին րոպեներին սիրո և մտերմության ձգտում ունենա դեպի իր մտերիմները: Իրոք, սա անհասկանալի սեր է, որ պետք է բոլորին զարմացներ: Բայց որքա̃ն քիչ ենք մտածում այդ սիրո մասին և որքա̃ն անտարբեր ենք դեպի այդ սերը: Իրականում իրենց քրիստոնյա համարողների մեծ մասը, լսելով կամ կարդալով Փրկչի դեպի մեզ ունեցած սիրո մասին, Նրա արյունոտ հանդերձի, փշե պսակի, Նրա սուրբ արյան և վերքերի մասին, այդ ամենն ընդունում են որպես սովորական մի բան: Կարեկից և վշտակից չլինելով՝ իրենց մեղքերի համար խաչի վրա տառապող և մեռնող Աստծո Միածին Որդուն, այդ հոգիները ունակ չեն ողբալու, սգալու և զղջալու իրենց մեղքերի համար: Անապաշխար այս հոգիները ոչ մի ակնկալիք և հույս չպետք է ունենան աստվածային ողորմածության և փրկության: Ո՛վ թշվառներդ, ինչո՞ւ եք այդքան անտարբեր դեպի այս անչափ սերը: Մի՞թե չեք մտաբերում այն զարհուրելի դատապարտությունը, որ թափվում է նրանց գլխին, ովքեր անզգա են դեպի Փրկչի սերը: Պողոս առաքյալն ասում է. «Եթէ մէկը չի սիրում Տէր Յիսուսին, նզովեալ թող լինի. Մարանաթա» (1 Կորնթ. ԺԶ 22): Դուք ինչպե՞ս կարող եք այսպիսի դատապարտությունը տանել: Աստվածավախ մարդիկ, ովքեր իրոք նախանձախնդրորեն ջանում են քայլել Աստծո ճանապարհով, այս խոսքերը լսելիս դողում են, խոստովանելով, որ Աստծուն ամբողջ սրտով սիրելու ընդունակություն չունեն: Նրանք գիտեն, որ Աստծուն ամբողջությամբ նվիրվելու իրենց ջանքերը իզուր են անցնում: Սակայն նրանք հավատում են, որ Աստծու սերն այնքան մեծ և զորեղ է, որ հաղթում է իրենց տկարություններն ու թուլությունները: Նրանք գիտեն, որ իրենց պաղ սրտից բխած տրտունջն Աստված սիրով է լսում, երբ Նրան խոստովանում են իրենց տկարությունները, իրենց անկատար լինելը և խնդրում, որ Տերը կարողություն տա ամբողջ հոգով և սրտով Նրան նվիրվելու: *** Տե՛ր Հիսուս, նախահավիտյան Աստծո Որդի, Դո՛ւ, որ մեզ մինչև մահ սիրեցիր, Տե՛ր, այդ անչափ սիրուդ ինչի՞ համար արժանացանք: Դու այնքան ուժգին մեզ սիրեցիր, որ մեզ համար հանձն առար ծաղր ու ծանակը, անարգանքն ու չարչարանքը : Տե՛ր, տեսնելով դեպի Քեզ ունեցած իմ սառնությունը և հոգևոր ծուլությունս, խնդրում եմ ինձ չպատժես: Քո սերն անսահման մեծ է, իսկ իմ սիրտն այնքան փոքր է, որ չի կարող այդ սերն իր մեջ ամփոփել: Քո սերն այնքան վեհ ու վսեմ է, որ մենք, ողորմելիներս, թույլ արարածներս, չենք կարող ըմբռնել և գնահատել այն: Տե՛ր, տո՛ւր ինձ քեզ խորապես սիրելու և Քեզ անմնացորդ նվիրվելու շնորհ: Իմ ուրախությունս և հոգուս խաղաղությունը միայն Քո մեջ եմ փնտրում, ո՛վ իմ Աստված: Ընդունի՛ր ինձ, Տե՛ր, Քո երկնային արքայության մեջ, որպեսզի ես էլ այն ուրախությանը մասնակից լինեմ, որ պատրաստել ես Քեզ սիրողների համար, որպեսզի ես էլ հագենամ Քո առատ ողորմությամբդ, որ Քեզնից՝ Կյանքի Աղբյուրիցդ է բխում: Քո ողորմությունից ինձ մի՛ զրկիր , Քո սիրո համար. Ամեն:


ԴԵՊԻ ԳՈՂԳՈԹԱ (1)
ԴԵՊԻ ԳՈՂԳՈԹԱ (1)

«Երբ Յիսուս եկաւ Բեթանիա, բորոտ Սիմոնի տունը, նրան մօտեցաւ մի կին, որ մի շիշ թանկարժէք իւղ ունէր, և թափեց այն նրա գլխին, մինչ նա սեղան էր նստել: Երբ աշակերտներն այս տեսան, բարկացան ու ասացին. «Ինչի՞ համար է անուշահոտ իւղի այդ վատնումը, քանի որ կարելի էր մեծ գնով վաճառել այդ և տալ աղքատներին»: Յիսուս իմացաւ ու նրանց ասաց. «Ինչո՞ւ էք նեղութիւն տալիս այդ կնոջը. նա իմ հանդէպ մի բարի գործ կատարեց. աղքատներին ամէն ժամ ձեզ հետ ունէք, բայց ինձ միշտ ձեզ հետ չէք ունենայ: Իմ մարմնի վրայ այդ իւղը թափելով՝ նա իմ թաղուելը կանխանշեց: Բայց ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ամբողջ աշխարհում, ուր էլ այս Աւետարանը քարոզուի, պիտի պատմուի դրա յիշատակին, նաև ինչ որ դա արեց» ( Մատթ. ԻԶ 6-13): *** Մեր Փրկիչը՝ Հիսուս Քրիստոսը, Բեթանիա գյուղում Սիմոնի տանն է գտնվում, այստեղից Նրա ճանապարհը Գեթսեմանի միջով ձգվում է դեպի Գողգոթա, որտեղ Խաչը սպասում է Նրան: Սիմոնի տունը հանկարծ անուշահոտությամբ է լցվում. ոչ մի ժամանակ զոհն այդպիսի անուշահոտություն չէր արձակել: Մարիամը, կամենալով իր սիրո և հավատի զգացումն արտահայտել առ Քրիստոս և պատվել Նրան՝ որպես Թագավորի և Քահանայապետի, Փրկչի գլխի և ոտքերի վրա թափում է թանկագին նարդոսյան յուղը և դրանով, կարծես թե, կատարում է Քրիստոսի թաղման ծեսը: Մարիամի հոգին փրկության է ձգտում… Փրկչի առջև Նա հավանաբար մտաբերում է մարգարեի այն խոսքը, թե «նա խոցուեց մեր մեղքերի համար և մեր անօրէնութիւնների համար դատապարտուեց. մեր խաղաղութեան համար նա՛ պատիժ կրեց, և նրա՛ վէրքերով մենք բժշկուեցինք» (Ես ԾԳ 5): Մարիամը հասկացել է, որ Հիսուսը հոժարակամ հանձն է առել խաչի չարչարանքները մեղավորների փրկության համար: Մարիամը նստած արտասվում է Նրա ոտքերի առաջ, Ով, արդար լինելով, որպես Գառն Աստծո, ինքնակամ պատրաստվում է զոհաբերության: Մարիամն իր ողջ էությամբ Տիրոջն է նվիրվել, նրան այս աշխարհում ոչինչ այլևս չի հետաքրքրում, իր մտածմունքները միայն առ Քրիստոս են ուղղված: *** Մեծ Պահքի վերջին շաբաթը, որը կոչվում է «Չարչարանքների շաբաթ», նվիրված է Քրիստոսի չարչարանքների հիշատակին: Հավատացյալներս այդ ժամանակ առավել մոտ ենք չարչարվող և մեռնող Փրկչին. Նրա խաչը գրկում ենք, լարված աչքերով նայում ենք Նրա վերքերին և լսում Նրա տանջանքների հառաչանքը: Անկեղծ հոգով ողբանք մեր մեղքերը և մխիթարվենք Նրա անսահման ողորմածությամբ: Նարդոսյան յուղի փոխարեն Նրան ընծա բերենք մեր սերն ու շնորհակալությունը: Մարիամի պես մեր երախտիքը հայտնենք Նրան, Ով Իրեն զոհաբերեց մեր հիվանդ և մեղավոր հոգիների փրկության համար: Տե՛ր Աստված իմ, ինձնից հեռացրու այն ամենն, ինչ կարող է ինձ ողորմությունիցդ զրկել. թո՛ղ որ այն սիրով մխիթարվեմ, որով Քո Միածին, սիրելի Որդիդ ինձ համար զոհվեց: Աստվա՛ծ իմ, տուր ինձ կարողություն, որ մշտապես խորհեմ չարչարանքներիդ և մահվանդ մասին, Խաչյալիդ նայելով, հեռու մնամ հոգեկործան չար ցանկություներից. հաղթեմ համառ և մեղավոր սրտիս: Տե՛ր, սովորեցրու ինձ, որ Քեզ՝ Աստծո Գառիդ նայելով, կարողանամ հաղթահարել այն նեղությունները, փորձությունները և ժամանակավոր վշտերը, որոնք Քո բարի կամքով թույլատրված են որ ինձ հետ պատահեն: Օգնի՛ր ինձ, Տե՛ր իմ, Քո սուրբ անվան սիրո համար. Ամեն:


ՀՈԳԵՎՈՐ ԽՐԱՏՆԵՐ
ՀՈԳԵՎՈՐ ԽՐԱՏՆԵՐ

ՀԱՃԱԽԱԿԻ ՄՏԱԲԵՐԻ՛Ր ՄԱՀԸ, ԴԺՈԽՔԸ, ԴԱՏԱՍՏԱՆԸ ԵՎ ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ Հաճախ մտաբերի՛ր մահը, Քրիստոսի դատաստանը, հավիտենական տանջանքը եւ հավիտենական կյանքը, եւ կյանքը, իր բոլոր կրքերով եւ գայթակղություններով, նողկանք կառաջացնի քո մեջ, որից հետո չես կամենա այս աշխարհում հարստանալ եւ փառավորվել: Եվ քո միակ ձգտումը կլինի Աստծուն գոհացնելը եւ Աստծո արքայություն մտնելը: Այն, որ մարդիկ ունայնության են ձգտում եւ մեղք են գործում, իրականում նրանից է, որ մոռանում են հավիտենականության մասին: Այո՛, սարսափելի եւ դառնագին է Աստծուց եւ հավիտենական կյանքից ընդմիշտ զրկվելը: Հիշի՛ր ուրեմն այս վերջինը եւ հավիտյանս մեղք չես գործի: Ի՞ՆՉ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ ԻՍԿԱԿԱՆ ԶՂՋՈՒՄԸ Իսկական զղջումը պահանջում է, որ մարդ հրաժարվի մեղքերից եւ աշխարհի ունայնությունից եւ Աստծուն դառնա ամբողջ սրտով, ներքնապես փոխվի եւ նոր մարդ դառնա, եւ այդպիսով փրկություն ձեռք կբերի: Շատ աշխատանք եւ սխրանք է պահանջվում, որպեսզի մարդը փոխվի եւ բարի ծառ դառնա, որն ինքնին բարի պտուղներ է տալիս: Ուրեմն, ոչ մի բանի համար այդպես մ՛ի ջանա, քան այն բանի համար, որ ինքդ քեզ վերափոխես, նորոգես ու ուղղես: Դրա մասին ջանադրաբար եւ հաճախակի աղոթի՛ր եւ դիմի՛ր Քրիստոս Աստծուն, որպեսզի Նա ինքը քեզ վերափոխի եւ բարի դարձնի: Առանց Նրա անհնար է մեր վերափոխվելը եւ ուղղվելը: Իսկ երբ կունենաս ներքին վերափոխում, այնժամ քո գործերը բարի կդառնան: ՄԻԱՅՆ ԲԱՐԵՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՅՍ ԿՅԱՆՔՈՒՄ Համեմատիր ժամանակը հավերժության հետ, ներկան՝ ապագայի, կենդանի մարդկանց՝ մեռելների հետ, եւ քո միտքը կլուսավորվի, եւ ինքդ կիմանաս եւ կխոստովանես, որ չարիք է գործում այն մարդը, ով «իր անձի համար գանձ կհավաքի եւ Աստծով չի հարստանա» (Ղուկ. 12.21): Բոլոր մեռյալները լքել են այս աշխարհը, դու էլ կլքես, թեկուզ եւ ամբողջ աշխարհը ունենաս ոտքիդ տակ, միայն բարեպաշտությունն է հանդերձյալ աշխարհ անցնում մեզ հետ: Ուրեմն, մինչեւ վերջ բարեպաշտ եղի՛ր, եւ միայն բարեպաշտությունը իրական գանձ համարի՛ր. «Որովհետեւ Աստված պիտի բոլոր արարածների դատաստանն անի, նրանց կատարած բոլոր թաքուն գործերի համար՝ լինեն դրանք չար թե բարի» (Ժողովող 11.13): ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ ԱՅՍ ԱՇԽԱՐՀՈՒՄ Ճշմարիտ քրիստոնյաները այս աշխարհում ապրում են իբրեւ անցորդ, ճամփորդ, օտարական, եկվոր եւ միշտ հավատով, հոգու աչքերով տեսնում են երկնային Հոր Արքայությունը եւ ձգտում են հասնել դրան: Եվ ուրեմն, դու էլ եղի՛ր օտարական եւ եկվոր եւ անընդհատ ձգտի՛ր հասնել քո երկնային հայրենիքին, եւ աշխարհը իր հաճույքներով եւ գայթակղություններով նողկալի կլինի քեզ համար: Ով հավիտենական երանություն է փնտրում եւ ցանկանում ստանալ այն, նա կարհամարհի ժամանակավոր ամեն բան, որպեսզի չզրկվի հավիտենությունից:


ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ՄԱՍԻՆ
ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ՄԱՍԻՆ

Կյանքի հանդեպ մարդու սերը նրա հոգում խորն է արմատացած‚ նա չի ցանկանում մեռնել‚ կյանքից զրկվել‚ այլ ապրել է սիրում եւ ուզո՛ւմ է ապրել: Ապրելու հույսը մինչեւ վերջին շունչն անբաժան է նրանից: Սակայն մարդու մահկանացու մարմինը ենթակա է տկարության, հիվանդության և մահվան: Մահվան մասին միտքը մենք չենք կարող հեռացնել մեզնից‚ եւ դա է նաեւ մեզ դրդում մտածել Աստծո եւ հավիտենական կյանքի մասին: Եւ ով իր մեջ փնտրել եւ գտել է կենդանի Աստծուն, նա գիտի, որ Արարիչը մեր բարեգութ եւ բարեխնամ Ծնողն է, Ով չի ցանկանում մեր մահն ու կորուստը, այլ հակառակը՝ ուզում է, որ մենք հանիտենական կյանք ունենանք: Դժվար է երեւութապես պարզել‚ թե այն կյանքն ինչ պիտի լինի մեզ համար‚ կամ մենք ինչ պիտի լինենք այն կյանքի համար: Սակայն շատ խորանալ պետք չէ այս հարցում‚ քանի որ Աստծո ձեռքն անթափանց քողով է ծածկել այն կյանքը‚ մինչեւ այն պահը‚ երբ Քրիստոս Աստվածային զորությամբ աշխարհ կգա եւ կհաստատի Իր անվախճան թագավորությունը: Մենք՝ քրիստոնյաներս, պարզապես պետք է հավատանք, որ մահկանացու մարդը միայն այս աշխարհի կարճատեւ կյանքի համար չի ստեղծվել: Եվ ինչպես Քրիստոս հաղթեց մահին‚ այնպես էլ մենք պետք է մահին հաղթենք եւ Իր թագավորությունում մշտապես Իր հետ լինենք: Հզոր Աստծո ձեռքը‚ որ բռնել է վարագույրը հավիտենական կյանքի հրաշալիքի առաջ, պատվիրում է հավատալ‚ որ մենք ծնվել ենք անվերջ կյանք ունենալու համար‚ որ Աստծո հայրական անհուն սերն անվախճան է‚ ինչպես որ մեր հոգու գոյությունը: Սակայն Աստծո շնորհներին կարժանանանք‚ եթե այս կյանքում աստվածային Փրկչի՝ մեզ ցույց տված ճանապարհով քայլենք: Բայց եթե այս կյանքում չհավատանք Աստծուն եւ Իր խոստումներին ու չընթանանանք Նրա փրկարար ճանապարհով, ապա ինքներս մեզ դատապարտում ենք հավիտենական կորուստի: Հետեւապես, Աստծո՝ մեզ պարգեւած երկրային այս կարճատեւ կյանքը ճիշտ ապրենք, մեղքից ու բոլոր տեսակի ախտերից հեռու պահենք մեզ, քանզի կոչված ենք լինելու Աստծո տաճար: Եւ երբ Տերն այս աշխարհից մեզ կանչի‚ արժանավայել կանգնենք Նրա առաջ: Ո̃վ երկնավոր Հայր‚ ինձ էլ արժանի արա տեսնելու Քո հավիտենական փառքը եւ Քո արքայության անպատմելի երանությունը:


ՀՈԳՈՒ՝ ԵՐԿՆՔԻ ԱՐՔԱՅՈՒԹՅՈՒՆ ՄՏՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՈԳՈՒ՝ ԵՐԿՆՔԻ ԱՐՔԱՅՈՒԹՅՈՒՆ ՄՏՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ոսկեդրամը‚ եթե չընդունի արքայական պատկերի դրոշմը‚ շրջանառության մեջ եւ արքայական գանձարանում չի դրվի‚ այդպես եւ հոգին‚ եթե չունի Անճառելի Լույսի պատկերը‚ այսինքն՝ իր մեջ դրոշմված Քրիստոսին‚ ապա անպիտան է երկնային գանձերի համար եւ մերժվում է արքայության վաճառականներից՝ բարի առաքյալներից: Քանզի եւ նա‚ ով կանչված էր‚ բայց չուներ հարսանեկան հանդերձներ‚ որպես օտար‚ վտարվեց արտաքին խավարը: Եվ ինչպես մեռելը ոչ մի բանի պիտանի չէ‚ որի համար էլ հանում են նրան քաղաքից դուրս եւ թաղում‚ այդպես եւ հոգին‚ որ չունի իր մեջ աստվածային Լույսի պատկերը: Ուստի ով ջանում է հավատալ եւ մոտենալ Տիրոջը‚ պետք է աղոթի‚ որ դեռ այստեղ ընդունի աստվածային Հոգին: Ուստի ով այստեղ չի փնտրել եւ չի ընդունել իր հոգում Կյանք՝ աստվածային Լույսի Հոգին‚ մարմնից ելնելու ժամանակ հեռացվում է խավարը՝ չմտնելով երկնքի արքայություն‚ ունենալով իր ավարտը սատանայի եւ նրա արբանյակների հետ: Կամ ինչպես ոսկին կամ արծաթը կրակի մեջ դառնում են ավելի մաքուր եւ արժեքավոր եւ ոչինչ՝ ո՛չ փայտը‚ ո՛չ խոտը չեն կարող փոխել նրան‚ քանի որ հենց ինքը դարձել է ինչպես կրակ եւ լափում է ամեն ինչ‚ որ մոտենում է իրեն‚ այդպես եւ հոգին‚ մնալով հոգեւոր կրակի եւ աստվածային լույսի մեջ‚ ոչ մի չար ոգուց ոչ մի չարիք չի կրի‚ իսկ եթե որեւէ բան էլ մոտենա իրեն‚ կսպառվի Սուրբ Հոգու երկնային կրակով: Երբ Ադամն ընկավ եւ մեռավ Աստծո համար‚ խավարով զգեստավորեց նա իր հոգին‚ քանի որ թագավորեց նրա վրա խավարի իշխանը: Հենց Ադամն էր ավազակներից խողխողված եւ կիսամեռ այն ընկածը‚ որ Երուսաղեմից Երիքով էր գնում: Եվ ինչ տկարությամբ տառապեց Ադամը‚ նույն տկարությունը կրեցինք մենք բոլորս‚ ինչպես ասում է Եսային. «Ոտքերից մինչեւ գլուխ նրա վրա առողջ տեղ չկա: Վերքերի‚ այտուցների եւ շարավոտ խոցերի վրա դնելու ո՛չ սպեղանի կա‚ ո՛չ ձեթ եւ ո՛չ վիրակապ» (Ես. 1:6): Այսպիսի անառողջանալի խոցով ենք խոցված մենք‚ եւ միայն Տերն է ի զորու բուժել դրանք: Դրա համար էլ հենց Ինքը եկավ‚ քանի որ ուրիշ ոչ ոք Հին Կտակարանից‚ ո՛չ իսկ Օրենքը‚ ո՛չ իսկ մարգարեները չէին կարող բժշկել այն: Ուստի ընդունենք Տիրոջը՝ Ճշմարիտ Բժշկին‚ Ով գալով եւ մեզ համար չարչարվելով՝ կարող է բժշկել մեր հոգին: Քանզի անդուլ բախում է Նա մեր սրտերի դռները‚ որպեսզի բացենք Նրա առաջ‚ եւ Նա մտնելով հանգստանա մեր հոգում‚ իսկ մենք լվանանք եւ օծենք Նրա ոտքերը‚ եւ Նա կօթեւանի մեր ներսում: Իսկ նրանց‚ ովքեր դատաստանին ահյակ կդասվեն եւ որոնց սատանայի հետ կուղարկի դժոխք‚ Տերը կասի. «Օտար էի‚ եւ ինձ ձեր մեջ չառաք‚ քաղցած էի‚ եւ ինձ հաց չտվեցիք‚ ծարավ էի‚ եւ ինձ ջուր չտվեցիք» (Մատթ. 25:42-43): Քանզի Նրա ե՛ւ կերակուրը‚ ե՛ւ ըմպելիքը‚ ե՛ւ հագուստը‚ ե՛ւ օթեւանը‚ ե՛ւ հագիստը մեր հոգում է‚ ուստիեւ անխոնջ թակում է մեր սրտի դուռը կամենալով ներս մտնել: Ընդունենք Նրան եւ մեր մեջ առնենք‚ քանի որ մեզ համար Նա ե՛ւ կերակուր է‚ ե՛ւ կյանք‚ ե՛ւ ըմպելիք‚ ե՛ւ կյանք հավիտենական: Եվ ամեն հոգի‚ որ իր մեջ չի ընդունել Նրան‚ չունի ժառանգություն երկնքի արքայության մեջ սրբերի հետ եւ չի կարող մտնել վերին քաղաքը: Տե՛ր Հիսուս Քրիստոս‚ Դու Ինքդ առաջնորդի՛ր մեզ այնտեղ. փառավորում ենք անունը Քո‚ Հոր եւ Սուրբ Հոգու հետ հավիտյանս հավիտենից. ամեն: Մակար ԵԳԻՊՏԱՑԻ


ՄԵՂՔԸ՝ ՄԵԾԱԳՈՒՅՆ ՉԱՐԻՔ
ՄԵՂՔԸ՝ ՄԵԾԱԳՈՒՅՆ ՉԱՐԻՔ

-Եթե հոգու աչքերով կարողանայիր տեսնել, թե մեղավորին ինչ է սպասում ապագայում‚ անկարելի է‚ որ այնուհետեւ մեղանչեիր‚ եթե նույնիսկ առիթներից փախչելու համար հարկ լիներ ենթարկվել ծանր չարչարանքների: -Մեղքը մի անդունդ է՝ փորված մարդու եւ Աստծո միջեւ‚ որ արգելք է դնում մարդու փրկությանը: -Աստված գերագույն սրբություն լինելով՝ մեղքի մեծագույն թշնամին է‚ որովհետեւ մեղքը ապստամբություն է Իր սիրո դեմ: -Մեղքը մեծագույն չարիքն է‚ որ կարող է պատահել քեզ‚ որովհետեւ քեզ զրկում է Աստծո բարեկամությունից: Իսկ եթե մահը վրա հասնելու լինի‚ հավիտյան հեռու կմնաս Աստծուց‚ ապարդյուն դարձնելով Քրիստոսի արյունը: -Որքան Աստծուն ծառայես՝ այնքան ազատ ես‚ որքան մեղքի ծառայես՝ այնքան գերի ես: -Մեղքը քեզ արգելում է հասնել Աստծո արքայության‚ որի համար ստեղծված ես. խլում է քեզնից կյանքը եւ շնորհում մահ: -Մեղքն իր մեջ ունի խավարի պատկերը. «Ով որ չար է գործում‚ ատում է լույսը» (Հովհ. Գ 20): Մեղքի բնությունը‚ չարիքը եւ հետեւանքները պիտի գտնես Սուրբ Գրքի բոլոր պատմությունների մեջ: -Ամեն անգամ‚ երբ մահվան ականատես լինես‚ հիշի՛ր մեղքի ծանրությունը: Մարդը մեղանչելու պատճառով մահկանացու դարձավ: Մահվան դատավճիռը տրվեց մեղանչելուց հետո: -Մտածի՛ր‚ որ մեղքն այնքան մեծ չարիք է‚ որ հաջողեց անգամ Աստծո Որդոնւ սպանել՝ ահռելի ցավերով: Տե՛ս‚ թե որքան խորն են մեղքի պատճառած վերքերը‚ որոնք խնամելու համար հարկ եղավ Աստծո արյունը: -Մեղքը մի՛ համարիր իբրեւ մի վերացական օրենքի խախտում‚ այլ քո եւ Աստծո միջեւ անձնական սիրո խախտում: -Որքան որ ջանում ենք մեր մարմինները հեռու պահել մահացու հիվանդություններից, հազարապատիկ ավելին պետք է անենք որպեսզի մեղք չգործենք, որովհետեւ այն մեղավորներին հավիտենական տանջանքների է մատնելու:


ԱԶԱՏԱԳՐՎԵԼ ԵՐԿՐԱՅԻՆ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
ԱԶԱՏԱԳՐՎԵԼ ԵՐԿՐԱՅԻՆ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

Դու որոշակի նպատակներ ունես‚ որոնց մասին շատ ես մտածում‚ եւ որոնք զբաղեցնում են սիրտդ ու երեւակայությունդ‚ իսկ երբ քնում ես‚ դրանք երազում ես տեսնում: Ուզում ես շատ կարեւոր մեկը լինել‚ որպեսզի մարդիկ քեզ ճանաչեն ու հարգեն: Հույսեր ունես՝ կապված հռչակի ու բարի համբավի‚ հեղինակության ու իշխանության հետ‚ նպատակներ ունես՝ կապված հարստության‚ հասարակական դիրքի ու տիտղոսների հետ: Ունես ցանկություններ՝ կապված բնակության վայրի‚ ուտելիքի‚ հագուստի եւ մարմնի տարբեր վայելքների հետ: Դու չես‚ որ ապրում ես աշխարհում‚ այլ իրականում աշխարհն է ապրում քո մեջ եւ իշխում սրտիդ‚ մտքիդ‚ երեւակայությանդ ու կամքիդ վրա: Ինչ վերաբերում է հոգուդ‚ ապա նա այս ամենի մեջ բանտարկված է‚ ցանկանում է ազատագրվել մարմնական ցանկություններից‚ քանի որ «մարմինդ հոգու հակառակն է ցանկանում» (Գաղ. 5. 17): Այս նպատակները քեզ թշվառ են դարձնում‚ որովհետեւ դրանք բոլորը չես կարող կյանքի կոչել: Եվ զարմանալին այն է‚ որ դրանք քեզ դժբախտացնում են‚ նույնիսկ երբ իրագործվում են: Որովհետեւ երբ ուզածդ ձեռք ես բերում‚ գոհ ես լինում‚ բայց այն առաջնորդում է քեզ ավելիին տիրելու: Առավել վտանգավորն այն է‚ որ կարող ես մոլորվել այս նպատակների ու ցանկությունների պատճառով եւ ընկնել խաբեության‚ ստորաքարշության, շողոքորթության‚ ստախոսության կամ առավել վատթար բաների մեջ: Ինչո՞ւ ես ամուր կառչում աշխարհային ցանկություններից‚ երբ գիտես‚ որ «Թե այս աշխարհն է անցնում է‚ թե ցանկությունը» (Ա Հովհ. 2.17): Դու պանդուխտ ես այս երկրի վրա‚ եւ պիտի գա ժամը‚ երբ պիտի թողնես աշխարհն ու նրա ունեցվածքը: Ինչպես որ մերկ դուրս եկար մորդ որովայնից‚ այնպես էլ մերկ կվերադառնաս (Հոբ 1.21): Ստիպված կլինես թողնել աշխարհն իր փառքով‚ հարստությամբ ու հռչակով եւ բոլոր մարդկանց պես իջնել երկրի գուբը: Ինչ հեղինակություն‚ հռչակ‚ վայելքներ էլ որ ձեռք բերած լինես այս աշխարհում‚ դրանք քո մահկանացու մարմինը չեն պաշտպանի քայքայումից: Դատաստանի օրը Աստծո առջեւ երկրային ամեն ունեցվածքից զուրկ պիտի կանգնես: Աշխարհից ոչինչ չես տանի‚ բացի գործերիցդ՝ լինեն դրանք բարի կամ չար: Սուրբ հայրերից օրինակ վերցրու‚ որոնք սրբություն ձեռք բերեցին միայն այն ժամանակ‚ երբ իրենց սրտերը դատարկեցին աշխարհի եւ աշխարհային բաների սիրուց: Նրանք այլեւս ցանկություն կամ կիրք‚ ոչ էլ այս աշխարհում ունեցվածք չունեցան: Դրա համար նրանց համար հեշտ եղավ թողնել աշխարհը: Սիրտդ կառչում է հողից ու նրա փառքից: Սա այն նույն փորձությունն է‚ որով սատանան ուզեց փորձել Տիրոջը. «Սատանան նորից նրանց առավ-տարավ մի շատ բարձր լեռան վրա եւ ցույց տվեց նրան աշխարհի բոլոր թագավորություններն ու դրանց փառքը եւ նրան ասաց. «Այս բոլորը քեզ կտամ‚ եթե գետնին ընկնելով ինձ պաշտես» (Մատթ. 8. 9): Այժմ մտածիր. եթե ունենաս այս ամենը‚ բայց կորցնես հոգիդ‚ որին բանտարկել ես ցանկություններիդ ոսկե վանդակում‚ ի՞նչ կշահես... Քո հոգին ուզում է ազատ արձակվել: ՇԵՆՈՒԴԱ Գ Ղպտի եկեղեցու հայրապետ


ԱՅՆ ՄԱՍԻՆ, ԹԵ ԻՆՉՈ՞Ւ ԿՈՐԾԱՆՎԵՑ ՀԱՅՈՑ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՅՆ ՄԱՍԻՆ, ԹԵ ԻՆՉՈ՞Ւ ԿՈՐԾԱՆՎԵՑ ՀԱՅՈՑ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Սույն հրապարակումը չնայած գրվել է ավելի քան երկու դար առաջ, սակայն բավականին համահունչ է ներկա ժամանակներին: *** Մեր թագավորության անկման պատճառներից առաջինը ոչ այլ ինչ է, եթե ոչ այն, որ մեր իշխանները ձգտեցին լինել ինքնիշխան, այսինքն՝ կամեցան ունենալ անկախ իշխանություն, որպեսզի ամեն մեկը, ինչ որ ինքնագլուխ կերպով ու առանձնաբար, միայն ըստ սեփական խելքի, կարծիքի ու ըմբռնման կամենա, անի՝ առանց մյուսի հետ խորհրդակցելու։ Նրանք չգիտակցեցին, որ յուրաքանչյուր մարդ բնությամբ սխալական է, մի բան, որ ոչ ոք չի կարող ժխտել կամ ուրանալ, ըստ այնմ, թե՝ «Չկա մարդ, որ ապրի և մեղք չգործի, որովհետև չկա մարդ, որ չմեղանչի» (Գ. Թագ. Ը 46)։ Տերն սկզբից ևեթ վկայեց, որ «Մարդու սրտի խորհուրդն իր մանկությունից իսկ չար է» (Ծննդ. Ը 21)։ Իսկ եթե բոլոր մարդիկ, հիրավի, սխալական են ու մեղանչական, բացի եզակի Աստծուց, հապա նա, որ տեր է կամ երկրի իշխան, ինչո՞ւ է ձգտում Աստծու պես հասնել բացարձակ և ինքնագլուխ իշխանության։ Բանն այն է, որ եթե հասարակ ժողովրդից որևէ մեկը սխալվում կամ մեղանչում է, ապա միայն իրեն է վնաս բերում, իսկ իշխանի սխալվելը ոչ միայն վնասներ, այլև երբեմն մեծամեծ պատուհասներ ու աշխարհավերություններ է բերում ամբողջ ազգին, ըստ այնմ, թե՝ «Արդար թագավորը աշխարհ է շինում, իսկ անօրեն մարդը՝ կործանում» (Առակ ԻԹ. 4): Ուստի իշխանությունը ինչ-որ միմիայն մեկի դատողությանը ու կառավարմանը չպետք է ենթակա լինի, այլ ամենալավագույնը կլիներ, եթե իշխանությունը անխախտելի սահմանադրությամբ և անեղծանալի օրենքներով կախում ունենար ընտիր-ընտիր ու մեծամեծ խորհրդականներից և տեսակ-տեսակ խորհրդարաններից։ Եվ եթե ընտրյալներից մեկնումեկը սխալվի կամ ինչ-որ հանցավոր գործով տապալվի. նման պարագայում մյուսները կարող են նրան փութանակի ուղղել ու ոտքի կանգնեցնել։ Ուստի և տիեզերահռչակ քարոզիչն ասում է, թե՝ «Լավ են երկուսը, քան թե մեկը, եթե մեկը գլորվի, ապա ընկերը նրան ոտքի կհանի» ( Ժողով. Դ. 9.10)։ Չէ որ բազմասյուն առաստաղը սյուներից մեկի խորտակվելու դեպքում չի տապալվի, այլ կարող է երկար ժամանակ դիմանալ, մինչև որ նորից կառուցվի։ Հակառակ դեպքում, եթե սյունը խորտակվի, եղածը ևս միանգամից կփչանա, տակնուվրա կլինի և կավերվի։ Այդպես կդառնա և ամեն մի իշխանություն, եթե լինի առանց ընտրյալ այրերի, և եթե իշխանը կամ էլ թագավորը, ինչպես ասվեց, չունենա իր ընտրյալները, որ սխալվելու կամ գլորվելու դեպքում նրանց շնորհիվ կարողանա վերստին հառնել և ուղղվել: Եվ ո՞վ համարձակություն կունենա հանդիմանել նրան. հազիվ թե այն ժամանակ այդպիսինը գտնվի։ Անշուշտ, մենք չենք ներում, որ Սավուղը բնավ ոչ մեկին չէր լսում, ականջ չէր դնում նաև մեծն Սամուելին, և Աքաաբն ու նրա որդիները, չէին լսում Եղիա մարգարեին, ու այդպես շատերը, որոնք հանդես են գալիս Աստվածաշնչում, ընդհակառակն, տանջում ու չարչարում էին նրանց, երբեմն էլ սպանում, ինչպես Մանասեն՝ Եսայիասին և շատ ուրիշները։ Այդ կերպ էին վարվում նաև մեր թագավորները. մի՞թե Տիրանը չարաչար չսպանեց սուրբ Հուսիկ հայրապետին՝ իրեն հանդիմանելու պատճառով։ Նրա նման Արշակն էլ ընդդիմացավ Ներսես Մեծին, մինչև որ վերջինիս, ինչպես հայտնի է, նրա որդի Պապը թունավորեց։ Այս կապակցությամբ այսքանը բավական համարենք։ Երկրորդ պատճառը հետևյալն է. մեր թշնամին ոչ թե զորությամբ տիրեց մեզ, այլ մեր թշնամու խոհեմությունն էր, որ կաշկանդելով ու կապելով մեզ բազկակապ արեց, բայց ոչ թե մեր ձեռքի զորությունը, այլ մեր մտքի կուրությունը։ Եվ ճիշտ է այն, որ մարդ նախ՝ հիմարանում է, ապա՝ կորչում, ինչպես հուժկու և մեծահզոր Սամսոնը, որ էշի մեկ ծնոտով հազար մարդ սպանեց, մինչև որ այլազգիներից կկուրացվեր ու կմեռներ՝ հիմարացավ ու խաբվեց Դալիլա պոռնիկից։ Այսպես նաև Իսրայելի արքա Աքաաբը ոճրագործ ու եղեռնագործ դարձավ իր Հեզաբել կնոջ պատճառով։ Բազում ուրիշ մարդիկ ու ցեղեր նույնպես հիմարության ու տգիտության պատճառով կործանվեցին։ Երրորդ պատճառ պետք է դիտել այն, որ մեր երիտասարդները տգիտաբար հարձակվում էին միմյանց վրա և, փոխանակ թշնամիներին, իրար էին կոտորում և իրենց հավատարիմ մարդկանց, ինչպես մի ժամանակ հրեաստանցիները՝ Իսրայելն ու Հուդան՝ միմյանց, և չեն գիտակցում, որ ազգը ազգ է, այլազգին՝ այլազգի։ Դրանից է, որ երբեմն որոշ խենթ ու խելառ մարդիկ, իրենց բնիկ ազգը թողած, մեծ քենով, նախանձով ու ատելությամբ հիմարաբար գնում միաբանում են օտարներին։ Չորրորդ պատճառն այն է, որ փոխանակ սիրո, համերաշխության, մեր ազգի մեջ օրեցօր ավելի ու ավելի ուժեղացան ատելությունը, թշնամանքն ու երկպառակությունը, և այդպիսով ճղակոտոր մեր ազգը, օտար երկրներում աստանդական ու թափառական դարձած, իր հայրենիքից ցիրուցան լինելով, որպես հողմից քշված խռիվ կամ եղեգ՝ սփռվեց աշխարհի երեսին, որից և հյուծվեց ու մաշվեց։ Քանզի «Ատելությունը թշնամանք է գրգռում» (Առակ Ժ 12) , - ասում է առակախոսը։ Մեկ ուրիշն ասում է. «Ամեն ոք, ով ատում է իր եղբորը, մարդասպան է» (Ա.Հովհ. Գ 15): Ատելության վնասները շատ-շատ են։ Ուստի և պարտավոր ենք միշտ ունենալ նրան ներհակը, որը սերը և միաբանությունն են։ Ինչպես ասում է՝ «Եթե ձեզանից երկուսը միաբանվեն երկրի վրա, այն բոլոր բաները, որ կուզենան, ինչ էլ լինի, կկատարվեն նրանց համար իմ Հոր կողմից, որ երկնքում է» (Մատթ. ԺԸ 19-20) ։ Մի ուրիշ տեղ էլ ասում է. «Քանզի բոլոր օրենքները հանգում են մի բանի՝ պիտի սիրես քո ընկերոջը իբրև քո անձը» (Գաղատ. Ե 14)։ Այդ է և Փրկչի պատվերը, որն ասաց, թե՝ «Սիրեցե՛ք միմյանց, ինչպես որ ես էլ ձեզ սիրեցի, որպեսզի դրանից ամենքն իմանան, որ իմ աշակերտներն եք» (Հովհ. ԺԳ 34-35)։ Հինգերորդ պատճառն այն է, որ ոչ թե մեր բնաշխարհն աղքատացավ իր բերք ու պտղի արգասիքից և բարգավաճ բարիքից, այլ նրան այդպես դարձրին անհոգությունը, անփութությունը, ծուլությունն ու ալարկոտությունը վեհերոտ ու ծանրաշարժ մշակների և երկրագործների, որոնք իսպառ հատած ու ցամաքած իրենց օգտակար եռանդից՝ թույլ տվեցին, որ իրենց արտերն ու անդաստանները, ամայանալով, խոպանանալով ու սմբակակոխ լինելով, ճարակ դառնան արջերին ու վարազներին։ Քանզի ծուլությունը սնուցողն է ամենայն մեղքերի և մայրը՝ դատարկաբանության։ Ուստի իմաստունն անբան զեռունով ամոթ է տալիս բանականին՝ ասելով. «Գնա՛ մրջյունի մոտ, ո՛վ թուլամորթ, և նախանձիր նրա կյանքին, ավելի խելոք եղի՛ր, քան նա. թեպետև նա չունի ո՛չ հարկադրող, ո՛չ էլ որևէ բան, որ նրան տագնապ պատճառի, և ո՛չ էլ ենթակա է տերերի, բայց ամռան օրով կեր է պատրաստում և հունձքին բազում պաշարներ դնում» (Առակ Զ 6-8)։ Այնպես որ աշխատանքը, հոգնությունը օգտակար է ոչ միայն արդյունավորության, այլև մարմնի առողջության համար: Ուրեմն զանց առնենք ծուլության բազմախուռն ենթատեսակները, որոնցով տատանվողն ընկնում է բազմապիսի ախտերի և տեսակ-տեսակ անլուր մեղքերի մեջ, քանի որ այն ևս յոթ մահացու մեղքերից մեկն է։ Եվ ի վերջո, ասվում է, որ ծույլերի համար արքայության դուռը փակ է։ Հետևապես և մենք, որպես թմրած, սթափվելով ծուլության մոլորությունից, ըստ ամենայնի պետք է միշտ ոգեշնչվենք արիությամբ ու քաջությամբ։ Ինչպես որ ծուլությունը բազմաթիվ չարությունների պատճառ է, նույնպես էլ արիությունը, որը ծուլության հակառակն է, թե՛ հոգևոր թե՛ մարմնավոր բազում բարությունների պատճառ է։ Վեցերորդ պատճառն այս է. Տիրոջ պատիժը մեր երկրին հասավ, և բնակչությունը քայքայվեց, ոչ այլ պատճառով, եթե ոչ մեր հանդուգն, անզգամ ու անհնազանդ կամակորության, անիրավության, օրինազանցության ու մեղքերի համար։ Մարգարեն ասում է. «Քանզի երկիրն անօրինվեց իր բնակիչներից, որովհետև նրանք զանց առան Տիրոջ օրենքը և այլափոխեցին Նրա պատվիրանները և խափանեցին հավիտենական ուխտը։ Երկիրն անեծքի բաժին կդառնա, որովհետև նրա բնակիչները մեղք գործեցին։ Դրա համար էլ նրա բնակիչները տնանկ կդառնան, և սակավ մարդիկ կմնան» (Եսայի ԻԴ 5-6): Ինչպես որ հասարակ ժողովրդին հրամայվում է հպատակություն, նույնպես էլ նրանց իշխաններին ու վերնագույններին հրամայվում է լինել արդար խնամակալ և դատաստանի մեջ՝ իրավարար, ըստ այնմ, թե՝ «Դա՛տ արեք որբին և այրուն, արդարությամբ դատեցեք տնանկին և չքավորին» (Սաղմ. ՁԱ 3): Ժողովրդին դատելիս հոր նման ողորմասիրտ եղի՛ր։ Կաշառակեր չպետք է լինել, որովհետև «Կաշառքն ու պարգևը կուրացնում են դատավորի աչքերը և փչացնում արդարների գործը» (Սիրաք Ա 3): Դրանով իսկ կաշառատուն իրեն կորստյան է մատնում։ «Բայց նա, որ ատում է կաշառքը, կապրի» (Առակ ԺԵ 27)։ Անիրավ և զրկող չպետք է լինել, որովհետև. «Նա, որ զրկում է տնանկին, բարկացնում է նրա Արարչին» (Առակ ԺԴ 31): Ագահ և ընչաքաղց չպետք է լինել, որովհետև ագահ և ընչաքաղց իշխանը մեծ զրկող է լինում։ Եվ մանավանդ՝ ագահը, քանի որ ինչպես «Դժողքը և կորուստը կշտում չունեն, նույնպես էլ ագահ մարդու աչքերը» (Առակ ԻԸ 16)։ Ագահությունը, մահացու մեղք է, այն ունեցողին մահու չափ վնասում է և զրկում է հավիտենական կյանքից։ Իսկ արդարության հետևողներին բազում բարիքներ կշնորհվեն, որն իր անսուտ խոստումով արտահայտում է ամենաօրհնյալ մեր Փրկչի կենսաբուխ բերանը, թե՝ «Այնժամ արդարները, ինչպես արեգակ, ծագելու են երկնքի արքայության մեջ» (Մատթ. ԺԳ 43): Յոթերորդ պատճառ պետք է համարել այն, որ փոխանակ իմաստության ու հանճարի, մենք՝ ուսումնատյացներս, ինքնահավան համառությամբ օրեցօր ձեռք բերեցինք չափից ավելի տգիտություն, որ կորստյան է տանում, և մտքի կուրություն, «ինչպես ուրիշ հեթանոսներն են ընթանում իրենց մտքի ունայնությամբ,- ասում է առաքյալը և ավելացնում,- որոնց սրտերը խավարած են, և նրանք օտարացած են Աստծու կյանքից՝ իրենց տգիտության և իրենց սրտերի կուրության պատճառով» (Եփես Դ 17,18): Ուրեմն, այսուհետև պարտավոր ենք, որքան կարողություն ունենք՝ ատել տգիտությունը, ինքնահաճությունն ու մտքի կուրությունը և սիրել իմաստությունն ու հանճարը և սրանց բոլոր հետևորդներին։ Դրանով կարող ենք վերստին բարգավաճել ու ծաղկել, ազատվել այսքան հոգնատանջ վշտերից և խաղաղվել թշվառությունից ու նեղություններից։ Քանի որ իմաստությունը, ըստ մարգարեի, ամենամեծ և անկողոպտելի գանձն է, ուստի և իմաստասերներն ասում են, թե ավելի լավ է ստանալ իմաստություն, քան ոսկի և արծաթ, որովհետև սրանք ձեռք են բերվում իմաստությամբ, բայց իմաստությունը նրանցով ձեռք չի բերվի։ Ահա թե ինչու մի ուրիշ տեղ էլ ասում է.«Խրա՛տ ընդունեցեք և ոչ թե արծաթ, և ավելի շատ՝ գիտություն, քան թե ընտիր ոսկի» (Առակ. Ը 10)։ Նախընտրելի է հանճարը, քան թե մաքուր ոսկին։ Այն արդարև հանճար է կոչվում, այսինքն՝ հանել կամ գտնել ճարը։ Չկա որևէ բան, որ ստեղծված չլինի իմաստությամբ ու գիտությամբ։ Առանց սրանց մի՞թե որևէ մեկը կարող է երբևէ հնարել, կերտել կամ ստեղծել ինչ-որ բան։ Ինչպե՞ս կարող է մեկը ստեղծել ինչ-որ բան, եթե նախ և առաջ չտիրապետի տվյալ առարկան իմաստությամբ հնարակերտելու գիտությանը։ Քանզի ասված է, որ ամենարվեստ ճարտարապետ Աստված ևս իմաստությամբ արարչագործեց երկինքն ու երկիրն և այնտեղ գոյություն ունեցող ամեն ինչ։ Այդպես բոլոր գոյություններն ընդհանրապես առաջ են եկել ու առաջ են գալու իմաստությունից։ Քրիստոսը, ըստ առաքյալի, Աստծու իմաստությունն է ու զորությունը։ Այսպիսով, ինչպես որոշ չափով պարզ դարձավ, մենք պետք է ջանանք և իմաստություն ձեռք բերենք բազում բարիքների համար։ Մանավանդ իշխանները պարտավոր են հասնել իմաստության, ինչպես գերիմաստ և աստվածախրատ Սողոմոն Իմաստունը, որը թագավորելիս Աստծուց ոչինչ չխնդրեց, բացի իմաստությունից՝ ասելով. «Տո՛ւր ինձ իմաստություն ու հանճար, որպեսզի նրանցով արդարությամբ կառավարեմ քո ժողովրդին» (Բ Մնացորդ Ա 10), «և որպեսզի իմանամ, թե ինչն է քեզ հաճելի» (Իմաստ. Թ 10)։ Ահա թե ինչու մեկ այլ տեղ ասում է. «Արդ, ժողովրդի տիրակալներ, եթե տենչում եք գահի և իշխանության, ապա մեծացրեք իմաստությունը, որպեսզի մշտապես թագավորեք» (Իմաստ. Զ 22) : Ըստ ամենայնի բոլորից ավելի նախընտրելի են իշխանները և կառավարիչները, քանի որ նրանց միջոցով է աշխարհը շինվում ու ավերվում. «Իմաստունների բազմությունը փրկություն է աշխարհի համար, և հանճարեղ թագավորը ժողովուրդների ամրությունն է» (Իմաստ. Զ 26) ։ Նաև ավելացնում է «Վա՛յ քեզ, քաղաք, որ թագավորդ մանուկ է, և իշխաններդ վաղ առավոտից ուտում են» (Ժող. Ժ 16), ապա թե՝ «Երանի է քեզ, երկիր, որ թագավորդ ազատի որդի է» (Ժողով. Ժ 17)։ Քանզի ազատ կոչվում է նա, որն իմաստության շնորհիվ փրկվել է տգիտությունից ու մեղքի մոլորություններից, իսկ ծառա՝ հիմարն ու անմիտը, որ, իբրև գերի, բռնված է հիմարությամբ և ենթարկված մոլություններին ու մեղքերին։ * * * Ահավասիկ հայտնի դարձան այն գլխավոր պատճառները, որոնք առիթ եղան ոչ միայն մեր իշխանության անկման, այլև դրդապատճառ դարձան, որ ամեն ինչ շրջվի, որ մեր ազատությունը թշվառության փոխարկվի, տերությունը՝ օտարներին հպատակության, մեր հաջողությունը՝ ձախորդության, մեր լույսը՝ խավարի։ Թեև «Տերը մեզ շատ խրատեց, բայց մահվան չմատնեց» (Սաղմ. ՃԺԷ 18)։ Եվ մենք դրա համար ուրախ ենք, որովհետև դրանից երևում է, որ տակավին Մարդասերի հոգատարությունը, սերն ու գթությունը մեզ վրա են, որ մեզ իսպառ չի մոռացել, ինչպես մի ժամանակ՝ Իսրայելին, այլ փոքր-ինչ խրատել է, որպեսզի այդպիսով մեծ բարօրություն ձեռք բերենք. «Եվ ում որ Տերը սիրում է՝ խրատում է, տանջում է յուրաքանչյուր որդու՝ ում ընդունում է» (Իմաստ. Գ 5)։ Ահա թե ինչու մեծ հավատով մենք հույս ենք տածում և հուսադրում մեր ողջ հայ ազգին, որ եթե իմաստության ճանապարհով մեր մեջ անխախտելի օրենք հաստատենք, ու որևէ իշխան հար ու հավետ առաջնորդվի նրանով, ապա այդպիսով վերստին կտեսնենք աստվածահաճո մեր բարձրագույն իշխանությունը, այն էլ ոչ այնպես, ինչպես առաջներում էր, այլ անշուշտ, ավելի հզոր։ Չէ որ մեր հին իշխանները նույնպես չէին ղեկավարվում իմաստությամբ, ինչպես պարտավոր էին, որպեսզի նրանով ճոխացած՝ էլ ավելի շողշողային և, ինչպես վերևում ասվեց, հաստատուն մնային։ Այս կապակցությամբ բավարարվենք այսքանով։ Իսկ նրա Տվողին, Որին մշտապես փափագով տենչում ու ծարավում ենք, փառք ու պատիվ և ապագայում և ամենայն հավիտյանս հավիտենից։ Ամեն։ ՄՈՎՍԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆ 1772 թ. Մադրաս, Հնդկաստան


ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՐԻ ԽՐԱՏԱԿԱՆ ՊԱՏԳԱՄՆԵՐԸ ՀՈԳԵՒՈՐ ԱՐԹՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՐԻ ԽՐԱՏԱԿԱՆ ՊԱՏԳԱՄՆԵՐԸ ՀՈԳԵՒՈՐ ԱՐԹՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

- Որպես ապացույց, որ մարդն Աստծուն եւ Նրա Քրիստոսին չի սիրում, այն է, որ նա չի պահում Նրա պատվիրանները (Անտոն Անապատկան): - Քո մեղքերի համար անդադար վշտացիր, որպես թե քո տանը հանգուցյալ ունես (Անտոն Անապատական): - Եկեղեցում մի զբաղվիր քո մեռելի թաղմամբ, այսինքն՝ մի զբաղվիր քո կենցաղային գործերի մասին խորհելով (Անտոն Անապատական): - Հոգին կարող է հակառակվել մեղքին, բայց առանց Աստծո չի կարող հաղթել կամ արմատախիլ անել այն (Մակար Մեծ): - Մերկ ենք եկել աշխարհ, օ̃, եթե միայն այս կյանքից էլ դուրս ելնենք մեղքերից մերկացած (Բարսեղ Մեծ): - Տեւական հիվանդությունները բժշկվում են մեծ ջանքերով միայն, հարատեւ ջանք գործադրելով, նույն բանը կարելի է ասել նաեւ մեղավոր սովորությունների համար (Բարսեղ Մեծ): - Պետք է ապրեք այնպես, որ անցյալը երբեք ավելի լավ չլինի ապագայից կամ ներկայից՝ (Բարսեղ Մեծ): - Բարի խրատներն ու քարոզը անօգուտ են, եթե Սուրբ Հոգին չդիպչի լսողի սրտին (Հովհան Ոսկեբերան): - Աստծուն այնքան չեն բարկացնում մեր կատարած մեղքերը, որքան մեր չուղղվելու ցանկությունը: - Ովքեր մեղք գործելով այստեղ չեն պատժվում, ամենադժբախտ մարդիկ են (Հովհան Ոսկեբերան): - Չգիտե՞ք արդյոք, որ մենք ճյուղերն ենք ճշմարիտ Որթատունկի, որը մեր Տերն է: Տեսեք, որ մեզանից որեւէ մեկն անպտուղ չգտնվի: Ճշմարտության Հայրը մշակելով խաղողի այգին՝ սիրով խնամում է նրանց, ովքեր պտղաբերում են, որպեսզի էլ ավելի պտղաբեր դառնան, իսկ ով չի պտղաբերում, նրանց կտրում եւ դուրս է նետում այգուց դեպի անշեջ հուրը: ՈՒշադիր եղեք ձեր հանդեպ, չլինի անպտուղ գտնվելով կտրվեք եւ կրակը գցվեք (Եփրեմ Ասորի): -Տիրոջ շնորհներն իրենք իրենց են գալիս, եթե նրանց տեղը՝ այսինքն սիրտը, մաքուր է ամեն տեսակի պղծություններից (Աբբա Եսայի): -Այնպես ապրիր, կարծես թե ապրածդ օրը վերջինն է, ու Աստծո առջեւ մեղք չես գործի (Աբբա Եսայի): - Չնչին մոլությունը կարող է քանդել ամբողջ առաքինության շենքը (Աբբա Եսայի): -Ամեն առավոտ, երբ արթնանում ես քնից, խորհիր այն մասին, որ Աստծո առջեւ պատասխան պետք է տաս բոլոր քո արարքների համար եւ էլ մեղք չես գործի Նրա առջեւ, ու Աստծո վախը կբնակվի քո մեջ (Աբբա Եսայի): - Մի՛ կարծիր, թե առաքինութուն կստանաս, եթե մարմնով եւ արյամբ Նրա համար չճակատամարտես: Քանզի ըստ Աստվածային Առաքյալի, պետք է մինչ ի մահ փութով հակառակվել մեղքերին (Նեղոս Սինայեցի): - Հեռու չէ հունձքի ժամը, մաքրենք որոմից մեր հոգու արտը (Նեղոս Սինայեցի): - Երբ մեկն ընկնի որեւէ մեղքի մեջ եւ չտրտմի դրան համապատասխան, ապա նորից հեշտությամբ կընկնի նույն ցանցի մեջ (Մարկոս Ճգնավոր): - Ոչ ոք այնքան ողորմած ու բարի չէ, ինչպես Աստված, բայց չզղջացողին Նա չի ներում (Մարկոս Ճգնավոր): - Չափազանց արագահոս է մեր կյանքը, բայց նրանում կամ կորցնում կամ ձեռք են բերում Հավիտենական Կյանքը (Բարդուղիմեոս Մեծ): - Ինչպես սոված մարդը չի կարող չհիշել հացի մասին, այնպես էլ հնարավոր չէ փրկվել առանց հիշելու դժոխքը, մահը եւ վերջին դատաստանը (Հովհաննես Սանդուղք): - Վախեցի՛ր այն ահավոր օրից ու ժամից, երբ քեզ ոչ ոք չի կարող պաշտպանել՝ ո՛չ եղբայրդ, ո՛չ հարազատդ, ո՛չ փառքդ, ո՛չ հարստությունդ ու իշխանությունդ, այլ կլինի միայն մարդը ու իր կատարած գործերը (Հովհաննես Սանդուղք):


ՀԻՍՈՒՍ ՆԱԶՈՎՐԵՑԻՆ է ԱՆՑՆՈՒՄ...
ՀԻՍՈՒՍ ՆԱԶՈՎՐԵՑԻՆ է ԱՆՑՆՈՒՄ...

Երբ Հիսուս Երեքովին էր մոտենում, ճանապարհին նստած մի կույր մուրացկան լսելով, որ մոտակայքով ժողովուրդ է անցնում, հարցրեց՝ թե ի՞նչ է պատահել եւ նրան պատասխանեցին. «Հիսուս Նազովրեցին է անցնում»(Ղուկ. 18.36): Այս աղքատը կույր էր, երբ Հիսուս անցնում էր իր կողքով, բայց հոգեւոր կուրության մեջ են այն մարդիկ, որոնք չեն դիմել Հիսուսին՝ հոգու տեսողություն ստանալու համար: Պողոս առաքյալն ասում է. «Եթե մեր Ավետարանը ծածկված իսկ է, ծածկված է կորստյան մատնվածների համար, որոնց՝ այդ անհավատների մտքերը այս աշխարհի աստվածը կուրացրեց, որպեսզի նրանց մեջ չծագի Քրիստոսի Ավետարանի փառքի լույսը»(Բ Կորնթ. 4.3,4): Այսպիսին է այն մարդը, որի հոգու աչքերը դեռեւս փակ են: Որքան ցավալի է, երբ կույրը չի տեսնում աշխարհի գեղեցկությունը, չի կարողանում զանազանել նրանում եղած գույների բազմերանգությունը. նույնպես էլ հոգով կույր մարդը անհաղորդ է աստվածային հրաշալի լույսին: Կույրը, երբ մոտենում է զարհուրելի վիհի ծայրին, չի զգում կործանարար վտանգը: Այսպես էլ անհավատ մարդը չի զգում, որ իր ամբարիշտ ընթացքով մոտենում է հավիտենական տանջանքի անդունդին: Դառնալով կույրի պատմությանը, նկատում ենք, որ նա, նստած լինելով ճանապարհի եզրին, բարեբախտաբար Հիսուս նրա մոտով է անցնում: Վերջինս, զգալով իր հուսահատ դրությունն, աղաղակեց. «Հիսուս, Դավթի՛ Որդի, ողորմի՛ր ինձ» (Ղուկ. 18.38): Մի՞թե սա չի կարող լինել աղաղակը այն մարդու, որն այսօր զգում է Աստծո ողորմության կարիքը: Առջեւից գնացողները ստիպում էին կույրին լռել. այդպես էլ մեր կյանքում է պատահում, երբ շատերը փորձում են արգելք հանդիսանալ փրկություն փնտրողների ճանապարհին: Բայց նրանք չկարողացան լռեցնել կույրի աղաղակը: «Հիսուս հրամայեց բերել կույրին Իր մոտ, եւ երբ նա մոտեցավ Նրան, հարցրեց. «Ի՞նչ ես կամենում ինձանից»: Մի՞թե սա հարցում չէ՝ ուղղված ցանկացած մարդկային հոգու: Կույրն ասաց. «Տե՛ր, ցանկանում եմ, որ բացվեն իմ աչքերը» (Ղուկ. 18.41): Հիսուս ասաց. «Թող բացվեն քո աչքերը, քո հավատը քեզ փրկեց» (Ղուկ. 18.42): Կույրը հավատաց եւ «իսկույն բացվեցին նրա աչքերը»: Իսկ ի՞նչ պետք է խնդրի մեզանից յուրաքանչյուրը: Պետք է Տիրոջից խնդրենք, որ բացի մեր հոգու աչքերը: Եթե հավատում ենք, որ Աստված ուղարկեց Իր միակ Որդուն մեռնելու խաչի վրա մեր փրկության համար եւ հարություն տվեց Նրան մեզ արդարացնելու համար, ուրեմն մեր աչքերը բացված են եւ կարող ենք ասել. «Ուրեմն, հավատով արդարացված, խաղաղություն ունենք Աստծո հետ, մեր Տեր Հիսուս Քրիստոսով» (Հռոմ. 5.1): Երբ կույրի աչքերը բացվցին, նա գնաց Հիսուսի ետեւից, փառք տալով Աստծուն: Սա է այն ճանապարհը, որը մեղքի խավարից դեպի Աստծո հրաշալի լույսն է տանում: «Եվ ամբողջ ժողովուրդը այս տեսնելով, Աստծուն գոհություն էր տալիս» (Ղուկ. 17.45): Շնորհ տո՛ւր մեզ Տե՛ր Հիսուս, որ այնպես հետեւենք Քեզ, որ բոլոր այս տեսնողները փառաբանեն Քո անունը՝ մեզ համար արած մեծ ողորմության համար:


ԱՆՎԱՆԻ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ՝ ԱՍՏԾՈՒ ԵՎ ՀԱՎԱՏՔԻ ՄԱՍԻՆ
ԱՆՎԱՆԻ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ՝ ԱՍՏԾՈՒ ԵՎ ՀԱՎԱՏՔԻ ՄԱՍԻՆ

Մեզ շրջապատող ողջ աշխարհը աստվածհայտնության մեծագույն գիրքն է, որը վկայում է Արարիչ Աստծո մեծ իմաստության եւ զորության մասին: Երկրային եւ տիեզերական գաղտնիքները ուսումնասիրող բոլոր ակնառու գիտնականները, ըստ էության, հավատացյալներ էին: Նրանք հասկացել են, որ ամեն բան հանճարեղ մտքով եւ կատարյալ է ստեղծված: Նույնիսկ պարզագույն մեքենան պատահականորեն, ինքնիրեն ստեղծվել չի կարող: Իսկ մեզ շրջապատող տիեզերքը ցանկացած սարքից ավելի բարդ կառուցվածք ունի: Պողոս առաքյալը, որն իր ժամանակների ամենակրթված մարդկանցից մեկն էր, ասել է. «Ամէն տուն, որ կառուցւում է, որեւէ մէկի կողմից է կառուցւում, իսկ ով ամէն բան արարեց, Աստուած է» (Եբր. 3.4): Հայտնի ֆիզիկոս Նյուտոնը, որ բացահայտել է երկնային մարմինների շարժման օրինաչափությունները, հավատացյալ անձնավորություն էր: Ամեն անգամ Աստծո անունը տալիս նա պատկառանքով ոտքի էր կանգնում եւ հանում գլխարկը: Նա գրել է. «Աստվածաշնչում գոյություն ունեն ճշմարտության անհամեմատ ավելի շատ տվյալներ, քան որեւէ մի այլ պատմությունում»: Մաթեմատիկայի հանճար Պասկալն ասել է. «Բոլոր հակասությունները, որոնց հանդիպել եմ կյանքում, պետք է որ ինձ հեռացնեին կրոնից, այնինչ՝ մոտեցրեցին նրան»: Մանրէաբանության հիմնադիր Պաստերը, որն ամենից խորն էր թափանցել օրգանական գաղտնիքների աշխարհը, գրել է. «Որքան ավելի եմ ուսումնասիրում բնությունը, այնքան ավելի մեծ ակնածանքով եմ խոնարհվում Արարչի առջեւ»: Լինեյը, բույսերին նվիրված իր գիրքն ավարտում է հետեւյալ խոսքերով. «Արդարեւ, կա՛ Աստված՝ մեծ եւ հավիտենական, առանց որի ոչինչ գոյություն ունենալ չի կարող: Աստղագետ Կեպլերը բացականչում է. «Որքա̃ն մեծ է մեր Տերը, եւ որքա̃ն անսահման են Նրա զորությունն ու իմաստությունը»: Քվանտային տեսության հիմնադիրներից մեկը՝ Մաքս Պլանկը, գրել է. «Կրոնը եւ բնական գիտությունները միմյանց չեն բացառում, ինչպես դրան մեր օրերում ոմանք հավատում են. այդ երկու ոլորտները լրացնում են միմյանց եւ փոխկապակցված են: Ամենաուղղակի ապացույցն այն բանի, որ կրոնը եւ բնական գիտությունները միմյանց թշնամի չեն, համարվում է եւ այն պատմական փաստը, որ այդ հարցի քննարկման դեպքում բոլոր ժամանակների մեծագույն բնափորձագետները, ինչպիսիք են Նյուտոնը, Կեպլերը, Լայբնիցը, ներշնչված էին կրոնով: Միայն Աստծո հետ անմիջական կապը կարող է մեզ տալ հոգու ներքին տոկունություն եւ հարատեւ խաղաղություն, որը համարվում է ամենամեծ հարստությունը»: Երկրաբան Լյայելը նշել է. «Յուրաքանչյուր նոր հետազոտություն ավելի ակնհայտ է դարձնում Աստծո զորությունը, իմաստությունը, ստեղծածործական միտքը եւ շրջահայացությունը»: Անգլիացի գիտնական Բեկոնն ասում է. «Միայն կիսագրագիտությունն է անաստվածության պատճառը: Ոչ ոք, բացի նրանից, ում դա ձեռնտու է, չի մերժում Աստծո գոյությունը»: Է. Կոնկլինը գրել է. «Այն տեսակետը, որ կյանքը ծագել է պատահականորեն, կարելի է համեմատել այն ենթադրության հետ, որ մեծածավալ բառարանը համարվում է տպարանում ինչ-որ պայթյունի հետեւանք»: Նոբելյան մրցանակի դափնեկիր Վիկտոր Գեսսն արտահայտվել է հետեւյալ կերպ. «Կարո՞ղ է, արդյոք, իսկական գիտնականը հավատալ Աստծուն: Ես կարծում եմ՝ այո՛: Պետք է խոստովանել, որ ֆիզիկայի եւ գեոֆիզիկայի բնագավառում իմ գիտական գործունեության բոլոր տարիներին ես չեմ զգացել, որ գիտական հետազոտությունների արդյունքները հակասեն Աստծո հանդեպ ունեցած հավատքին»: Հայտնի ֆիզիկոս, հարաբերականության տեսության հիմնադիր Ալբերտ Էյնշտեյնը նշել է. «Ես հավատում եմ Աստծուն, որպես անձի, եւ խղճիս վկայությամբ կարող եմ ասել, որ իմ կյանքի ոչ մի րոպե աթեիստ չեմ եղել»: Պատրաստեց Ռուզաննա Վասիլյանը


ՀՈԳԵՒՈՐ ՍԵՐՄԸ
ՀՈԳԵՒՈՐ ՍԵՐՄԸ

Թե ինչպես է մեր հոգեւոր կյանքը ծնունդ առնում, Ավետարանում ներկայացված է «Սերմնացան»-ի առակում: Սերմնացանը ելավ սերմ ցանելու: Սերմերի մի մասը ճանապարհի եզրին թռչունների համար կերակուր դարձավ, մյուս մասը ապառաժների վրա ընկավ եւ ծլելուն պես չորացավ, մի մասն էլ փշերի մեջ ընկավ եւ փշերից նեղվեց եւ միայն այն սերմերը, որ ընկան պարարտ հողի վրա, աճեցին եւ բազմապատիկ պտուղ տվեցին: Ինչպես որ արեւը՝ ջերմություն, իսկ երկինքը անձրեւ են տալիս դաշտի բոլոր սերմերին եւ բույսերին հավասարապես, այդպես էլ Աստծո փրկությունը այս կամ այն մարդու համար չէ նախատեսված. փրկությունը Քրիստոսի ձրի պարգեւն է բոլոր մարդկանց: Սակայն ինչո՞ւ հավատքը եւ հոգեւոր ապրումը բոլոր սրտերի մեջ հավասարապես չի արտահայտված, ինչո՞ւ քչերի սրտերն են միայն բոցավառված Աստծո սիրով: Քանի որ «աշխարհասեր ճանապարհ» վրա ընկած սերմերը երկնքի թռչունները ուտում են, այդպես էլ մարմնավոր կյանքի հոգսերը եւ զբաղմունքները կարծրացնում են մեր սրտերը՝ նման անցորդների ոտքերի տակ կոխկռտվող կարծրացած գետիններին: Ինչպես որ անհնար է ապառաժի վրա ցանված սերմնահատիկը ծլի եւ փարթամորեն աճի, այդպես էլ անհնար է, որ մեր կարծրացած հոգիները հավատք եւ սեր պտղաբերեն: Նման մարդիկ եթե փորձեն ընդունել Ավետարանի ճշմարտությունները, ապա փորձությունների հանդիպելով եւ աշխարհի նեղություններին ենթարկվելով, իսկույն առ Քրիստոս նրանց սերը կմարի, կսառչի, ինչպես Փրկիչն է ասել՝ «Շատերի սերը պիտի ցամաքի»: Իսկ եթե հողը բերրի լինի, բայց փշեր նրա վրա աճեն, միեւնույն է, այնտեղ ընկած ցորենի հատիկը չի կարող պտղաբեր աճել, քանզի փշերը կխեղդեն նրան: Երբ աշխարհի վայելչությունները, անբարոյական կյանքի հեշտությունները վայելելու տենչը բույն են դրել մեր սրտերի մեջ, ինչպե՞ս է հնարավոր, որ հոգեւոր կյանքով ապրելու ձգտումն ունենանք: Մեղքի փշերը կխեղդեն Ավետարանի հատիկների վտիտ ընձյուղները: Ուրեմն, սիրելի՛ ընթերցողներ, Աստծու զորությամբ լցվելու, աստվածահաճո կյանք ապրելու համար ի՞նչ պետք է անել...Պարարտացնենք մեր հոգու անդաստանները. եթե փշեր կան այնտեղ, արմատախիլ անենք, եթե ապառաժոտ է, մաքրենք այն քարերից, եթե պնդացած, կարծրացած է անցորդների ոտքերի տակ, հերկենք եւ փափկացնենք այն եւ այդ ժամանակ վստահ լինենք, որ Աստծո շնորհի արեւը եւ անձրեւը առատապես պետք է թափեն իրենց կենսատու զորությունը մեր հոգիների մեջ, եւ ցանված սերմերը պետք է ծլեն, ծաղկեն, բողբոջներ արձակեն եւ հասկերով լցվեն: Հոգանք, որ թռչունները չկտցահարեն դրանք, շուրջը ցանկապատենք, որպեսզի գազանները չմտնեն մեր հոգու անդաստանի սրբությունը ավերելու եւ ապականելու: Այն ժամանակ կզգանք, որ վերափոխված ենք եւ նորոգված հոգեւոր կյանքով ու կապրենք ի Փառս Աստծոյ՝ ժառանգորդ դառնալով երկնքի արքայության:


Ո՞Վ Է ՔՈ ԸՆԿԵՐԸ
Ո՞Վ Է ՔՈ ԸՆԿԵՐԸ

Մարդն արարված չէ միայակ ապրելու համար: Ինչ-որ մեկին իր կողքին ունենալու պահանջը Աստված տեսավ դեռ մեր նախահոր՝ Ադամի մեջ եւ ասաց. «Լավ չէ‚ որ մարդը միայնակ լինի: Նրա նմանությամբ մի օգնական ստեղծենք նրա համար» (Ծննդ. 2:18): Մենք բոլորս կարիք ունենք կիսվելու‚ վստահելու‚ ապավինելու‚ մխիթարվելու‚ քաջալերվելու: Դրա համար է‚ որ շարունակ փնտրում ենք մեկին‚ որի հետ կկիսենք մեր սրտի ուրախությունն ու տխրությունը‚ որին կվստահենք մեր գաղտնիքները‚ որին կապավինենք մեր դժվարության պահերին‚ որը մեզ կմխիթարի, կքաջալերի մեր անկման ու տկարության պահերին: Մենք փնտրում ենք ընկեր: Նրան փնտրում ենք մեծ աշխարհի հետ ունեցած մեր հաղորդակցման առաջին իսկ պահերից‚ որ կարող է լինել մանկապարտեզը‚ հետո՝ դպրոցը‚ բուհը‚ աշխատավայրը եւ այսպես շարունակ‚ այնտեղ‚ ուր կյանքի գետը տանում է մեզ: Եվ լավ ընկեր ունենալը դառնում է մարդու ամենացավոտ խնդիրներից մեկը: Որքա̃ն հաճախ հայտնվում ենք խաբված վիճակում‚ որքա̃ն հաճախ երկար տարիների ջերմ ու մտերիմ ընկերությունը փոխվում է սառնության ու օտարության: Իսկ երբեմն էլ այնքան խորն է լինում հիասթափությունը‚ որ մարդ պարզապես խուսափում է ընկեր ունենալուց՝ դառնալով մռայլ ու մենակյաց: Եվ որքա̃ն սահմանափակ են աշխարհասեր մարդու կարողությունները մեկ ուրիշին անմնացորդ նվիրվելու համար‚ որքա̃ն տկար է նա դիմացինի շահը փնտրելու համար‚ որքա̃ն անկարող է ամեն ժամանակ գոհացնելու իր ընկերոջը: Եվ, իսկապես, ո՞վ կարող է լինել քո իսկական ընկերը: Այս հարցի պատասխանը տալու համար Տեր Հիսուս մի հրաշալի առակ պատմեց օրինականին‚ որն ուզում էր իմանալ‚ թե ի՞նչ պետք է անի ինքը‚ որպեսզի հավիտենական կյանք ժառանգի: Դրա համար նա պետք է կատարեր ընդամենը օրենքի մեջ գրվածը. «Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով եւ քո ամբողջ հոգով եւ քո ամբողջ զորությամբ եւ քո ամբողջ մտքով. եւ պիտի սիրես քո ընկերոջը‚ ինչպես քո անձը» (Ղուկ. 10:27): «Իսկ ո՞վ է իմ ընկերը»‚- հարցրեց օրինականը: Եվ Հիսուս պատմեց Բարի սամարացու առակը: Երուսաղեմից Երիքով տանող ճանապարհին կիսամեռ ընկած էր մի մարդ‚ որին թալանել ու վիրավորել էին ավազակները: Պատահաբար այդ ճանապարհով իջնում էր մի քահանա: Տեսնելով վիրավոր մարդուն՝ քահանան անցավ նրա կողքով եւ շարունակեց իր ճանապարհը: Հետո մի ղեւտացի անցավ այդ նույն տեղով: Նա նույնպես կարծրացրեց իր սիրտը ու հեռացավ օգնության կարոտ մարդու մոտից: Բայց մի սամարացի‚ որ նույնպես անցնում էր այդ կողմով‚ խղճաց‚ մոտեցավ ընկածին‚ փաթաթեց նրա վերքերը‚ վրան ձեթ ու գինի լցրեց ու իր գրաստի վրա դնելով՝ տարավ մոտակա պանդոկը՝ հոգալով նրա կարիքները: Հիսուսի այն հարցին‚ թե ո՞րն էր այդ երեքից իսկական ընկերը ավազակների ձեռքն ընկածի համար‚ օրինականը պատասխանեց. «Նա‚ որ ողորմություն արեց»: Քահանան‚ ղեւտացին‚ որոնք Աստծուն ճանաչող‚ Աստծուն ծառայող մարդիկ էին‚ խուսափեցին մարդուն ծառայելուց‚ որի համար հենց կոչված էին: Իսկ ահա սամարացին‚ որն արհամարհված ու մերժված էր հրեաների կողմից եւ որին արգելված էր հաղորդակցվել նրանց հետ‚ մոռանալով մարդկային այդ արգելքները՝ լսեց իր խղճի ձայնը եւ արեց այն‚ ինչ ինքը կուզենար‚ որ ուրիշներն անեին իրեն‚ եթե ինքը հայտնված լիներ այն նույն վիճակում: Ահա թե ո՞վ է քո ընկերը՝ նա‚ ով քեզ սիրում է իր անձի պես: Սիրել մեկ ուրիշին քո իսկ անձի պես՝ նշանակում է ուրախանալ նրա հաջողությամբ այնպես‚ ինչպես կուրախանայիր քո հաջողությամբ եւ տխրել նրա ձախորդությամբ այնպես‚ ինչպես կտխրեիր քո իսկ ձախորդության համար: Բայց որտե՞ղ կգտնես այդպիսի մեկին եւ հնարավո՞ր է արդյոք‚ որ դու ինքդ լինես այդպիսին: Աստծուն չճանաչող ցանկացած մարդ կասի‚ որ դա պարզապես անհնարին է՝ հիմք ընդունելով մարդու եսակենտրոն բնությունը: Սակայն‚ հուրախություն բոլորիս‚ Աստծո խոսքը հակառակն է ապացուցում: Աստված երբեք չի պատվիրում մի բան‚ որը հնարավոր չէ անել: Եվ եթե գրված է. «Սիրի՛ր քո ընկերոջը քո անձի պես», նշանակում է հնարավոր է հասնել այդ վիճակին‚ նշանակում է՝ սա է Աստծո կողմից մարդու համար նախանշված չափանիշը: Մեր երկնային Հոր կամքն է‚ որպեսզի Իր բոլոր զավակները լինեն «բարի սամարացիներ»: Տեր Հիսուս Ինքը հայտնվեց որպես Բարի սամարացի ու մեզ սիրեց Իր իսկ անձի պես: Մենք‚ որ աշխարհից‚ սատանայից՝ «ավազակներից» թալանված ու բզկտված ընկած էինք‚ Հիսուս մոտեցավ‚ բժշկեց մեր վերքերը‚ բարձրացրեց եւ ասաց. «Ապրի՛ր»: Նա դարձավ մեր ընկերը‚ որովհետեւ ողորմություն արեց՝ մեր փոխարեն խաչվելով ու մեզ ներելով: Նա իմ եւ քո ընկերն է: Ուզո՞ւմ ես վստահել եւ երբեք հուսախաբ չլինել‚ ուզո՞ւմ ես հասկացվել այնպես‚ ինչպես կաս‚ ուզո՞ւմ ես մխիթարվել‚ երբ տրտմած ես‚ ուզո՞ւմ ես միմիայն սեր վայելել՞ փնտրիր եւ կանչիր Նրան: Նրա անունն է՝ «Սքանչելի, խորհրդակից‚ Հզոր Աստված‚ Հավիտենականության Հայր»: Խորհրդային ժամանակներում շատ տարածված մի դիմելաձեւ կար. երբ հիմնարկների պետերին‚ պաշտոնյաներին‚ նշանավոր մարդկանց դիմելիս նրանց ազգանուններից առաջ ասում էինք՝ «ընկեր»: Կարեւոր չէ‚ թե ինչպես կամ ում կողմից էր ընդունվել այն‚ բայց‚ համոզված եմ‚ որ արվել էր ընկեր բառի իմաստը արժեքավորելու‚ բարձրացնելու նպատակով: Ցավոք‚ այդ դիմելաձեւի մեջ ընկեր բառը բոլորովին կորցրել էր իր բուն նշանակությունը եւ մնացել էր սոսկ որպես ձեւ: Ավելին՝ այն մի տեսակ սառնության‚ օտարության պատ էր առաջացնում դիմողի եւ հասցեատիրոջ միջեւ: Բայց Տեր Հիսուս իր մահով քանդեց ամեն սառնության ու օտարության պատնեշներ Իր եւ մարդկանց միջեւ: Եվ Աստված «ամոթ չի համարում» ոչ միայն ընկեր‚ այլ ավելին՝ եղբայր կոչել մարդուն եւ ասում է. Քո անվան մասին պիտի պատմեմ իմ եղբայրներին‚ եւ ժողովրդի հավաքույթի մեջ պիտի գովաբանեմ քեզ» (Եբր. 2:12): Տերը մարդկային մարմին հագավ‚ որպեսզի ամբողջովին նմանվի Իր եղբայրներին՝ մարդկանց‚ որպեսզի ապրի մարդկային կյանքով‚ ճաշակի մարդուն պատահող ամեն դժվարություն ու փորձություն: Չկա մի իրավիճակ‚ որի մեջ Տերն անկարող լինի մեզ օգնել‚ չկա մեզ համակող մի հոգեվիճակ‚ որ Հիսուս չհասկանա‚ չկա մի գաղտնիք‚ որ չկարողանաս վստահել Նրան‚ կիսվել Նրա հետ: Կան գաղտնիքներ‚ որոնք մենք պահում ենք մեր սրտի ամենածածուկ տեղերում եւ դրանց մասին չենք համարձակվում ասել եւ ոչ մեկին‚ անգամ ինքներս մեզ հաճախ ամաչում ենք խոստովանել եւ ջանում ենք չհիշել‚ մոռացության տալ: Բայց մեր Տերը գիտի ամեն բան‚ Նա սրտեր ու երիկամունքներ քննող է եւ սիրում է‚ երբ մենք ամբողջովին դատարկվում ենք Իր առաջ‚ երբ գալիս ենք Նրա մոտ այնպես‚ ինչպես կանք: Նա մարդու նման չի վարվում‚ երբեք չի հիշեցնում մեր անկումներն ու պարտությունները‚ երբեք ճնշվածություն ու անլիարժեքություն չի առաջացնում‚ ընդհակառակը՝ վերցնում է այդ ամենը եւ փոխարենը տալիս մարդկային մտքից վեր խաղաղություն: Տերը կամենում է‚ որ մենք էլ՝ Իրեն հավատացողներս‚ լինենք Իր նման‚ ապրենք ոչ միայն մեր անձին հաճո լինելու համար‚ «այլ մեզնից յուրաքանչյուր ոք թող ընկերոջը հաճելի լինի ի շինություն բարի գործերի» (Հռովմ. 15:2): Ու եթե սիրում ես Հիսուսին‚ ջանք արա կատարելու Նրա այս կամքը‚ որովհետեւ Տերն ասաց. «Եթե մեկը սիրում է ինձ‚ իմ խոսքը կպահի» (Հովհ. 14:23): Գտի՛ր քո ընկերոջը եւ ինքդ էլ եղիր նրա նման հավատարիմ ընկեր: Եվ թող քո քաղաքը‚ քո երկիրը‚ ողջ աշխարհը լցվի իսկական ընկերներով: Իսկ եթե դժվար է քեզ համար‚ խնդրի՛ր Տիրոջը‚ որ Ինքը քո մեջ ձեւավորի «բարի սամարացու» սիրտ: Նա կարող է‚ Նա ուզում է այդ անել: Էմմա ՎԱՐԴԱՆՅԱՆ


ԽՈՆԱՐՀՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԽՈՆԱՐՀՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

-Չարին չարով մի՛ պատասխանիր եւ վիրավորանքով վիրավորողին‚ քանի որ դրանցով Աստված խոնարհեցնում է քեզ՝ տեսնելով‚ որ դու ինքդ չես ուզում խոնարհվել: -Մեզ համար սովորական է դարձել «ես մեղավոր եմ» ասելը‚ սա հաճելի է Աստծուն‚ բայց հոգանք‚ որ դա միայն բերանի խոսք չլինի‚ այլ՝ սրտից բխած խոստովանություն : -Ամբարտավան ու հպատացող անձի դեմ միայն խոնարհությամբ կարելի է պատերազմել ու հաղթել: -Խոնարհությունն այն է‚ երբ մարդ իրեն Աստծո առջեւ միշտ մեղավոր է ճանաչում եւ համարում է‚ որ ինքը ոչ մի բարի գործ չի արել Աստծո համար: -Սովորեցրու սրտիդ ամեն եղբոր համար ասել. «Իսկապես նա ինձնից լավն է»‚ այսպիսով կամաց-կամաց կսովորես քեզ բոլորից մեղավոր համարել: -Ինչպես առանց աղի է ամեն կերակուր անհամ‚ այդպես էլ առանց խոնարհության յուրաքանչյուր առաքինություն: -Մեծ է բարձունքը խոնարհության‚ խորն է անդունդը մեծամտության‚ եւ սրա համար էլ խորհուրդ եմ տալիս ձեզ. սիրեցեք առաջինը‚ որպեսզի չընկնեք երկրորդի մեջ: -Խոնարհություն է չնեղանալ մարդկանցից‚ որոնք մեզ թերություններ ու մեղքեր են վերագրում: -Չարը բռնում է այն հոգուն‚ ով սիրում է հիշել իր բարի գործերը‚ հպարտանալով ուրիշների եւ ինքն իր առջեւ՝ դրանով իսկ կորցնում է իր ծառայությունը Տիրոջ առջեւ: -Ձեր աղոթքների մեջ հիշեք այն մարդկանց‚ որոնք ձեզ թշնամացած են թվում: -Երբ տեսնես եղբայրդ բացեիբաց հանցանք է գործում‚ մի կարծիր‚ թե դու իրենից լավն ես‚ որովհետեւ չգիտես‚ թե որքան ժամանակ ես հարատեւելու բարու մեջ: -Արդարեւ‚ մեծ է նա‚ ով իր աչքին փոքր է երեւում եւ ում համար աշխարհային պատիվն ունայն է: -Մի՛ վստահիր քո ինչ-ինչ արժանիքներին եւ ունակություններին‚ այլ վստահիր Աստծո շնորհին‚ որն օգնում է խոնարհներին եւ խոնարհեցնում է ամբարտավաններին: -Դու քեզ ուրիշներից ավելի լավը մի համարիր‚ գուցե թե Աստծո աչքին ամենաամբարտավան մարդն ես‚ որովհետեւ միայն Աստված գիտի‚ թե ինչ է թաքնված մարդու սրտում: -Մի՛ հպարտացիր բարի գործերովդ‚ որովհետեւ Աստծո դատաստանը տարբերվում է մարդու դատաստանից‚ եւ ինչը հաճելի է մարդկանց‚ հաճախ տհաճ է Աստծուն: -Եթե քո մեջ բարություն կա‚ համոզված եղիր‚ որ ուրիշներն ավելի բարի են‚ եւ սա քեզ կօգնի միշտ խոնարհ լինել: -Ոչ մի վտանգի չես ենթարկվում‚ եթե քեզ թերագնահատում ես‚ սակայն մեծ վնասներ կկրես‚ եթե գերադասես քեզ ուրիշներից: -Խոնարհ մարդն անխռով խաղաղություն ունի: -Բարկությունն ու նախանձը կրծում են ամբարտավանի սիրտը:


 
To Top